Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընթերցեց բոլոր կուսակցությունների ու դաշինքների ստացած ձայների թիվը։

Խորհրդարան անցած չորս ուժերը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը համապատասխանաբար ստացել են 58, 31, 9 և 7 մադատ։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժվեց

Նիստի ընթացքում քննվեց նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումը։ Դաշինքի կողմից լիազորված Տիգրան Եգորյանը իրեն հատկացված մեկ ժամվա ընթացքում ներկայացրեց բոլոր այն խախտումները, որ ապրիլի 2-ին արձանագրել են անկախ դիտորդները։ Նրա խոսքով բազմաթիվ են վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողների ազատ կամքի վրա ներգործության, կաշառքի խոստման կամ բաժանման մասին փաստերը։

«Մեր կարծիքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պետք է արդյունավետորեն քննարկվեն և բացահայտվեն դրանցով պայմանավորված հնարավոր ռիսկերը և դրանց իրական վտանգն ու վնասը քվեարկության արդյունքների ճշգրիտ արձանագրման տեսանկյունից, և դրանց ազդեցության տեսանկյունից», - նշեց Եգորյանը: - «Մասնավորապես, բացահայտվել է, որ 2015 թվականի դեկտեմբերին կայացած սահմանադրական հանրաքվեից հետո Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց հրապարակված ցուցակում մոտավորապես 106 հազար ընտրող գրանցվել է հասցեներում, որոնք գոյություն չեն ունեցել սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Այսինքն, երկու տարի առաջ դրանք գոյություն չեն ունեցել: Բացահայտվել է 200-210 հազարի կարգի դեպքեր, երբ արձանագրվել է միևնույն անունը, ազգանունը և հայրանունը ունեցող, քվեարկելու իրավունք ունեցող անձ, և սա ևս բավական տարակուսելի է», - շարունակեց փաստաբանը:

Տիգրան Մուկուչյանի դիտարկմանը, թե դիմումի մեջ կոնկրետ հասցեներ չկան Եգորյանն արձագանքեց, թե այդ հասցեներն առկա են Ոստիկանության կողմից հրապարակված ընտրողների ցուցակում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նկատեց, թե թվարկված խախտումներից շատերը կրկնվում են, մի մասն էլ խոսում է ոչ թե խախտումների, այլ դրանց բացակայության մասին։ Նա պնդեց՝ իրավական հիմքեր չեն ներկայացվել։

«Պետք է նշվեր կոնկրետ որ հոդվածն է խախտվել, ինչն են պատճառները, որևէ հղում Ընտրական օրենսգրքի որևէ իրավադրույթի: Ձեր ներկայացրած 121 էջանոց դիմումում ուղղակի չի պարունակվում», - ասաց ԿԸՀ նախագահը:

Դիմումից բացի Եգորյանը խախտումների մասին փաստերի նոր փաթեթ էր իր հետ բերել, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց դրանք ուսումնասիրելու մասին միջնորդությունը, պատճառաբանելով, թե փաստական հանգամանքները պետք է ներկայացվեն օրենքով սահմանված ժամկետներում: Տիգրան Մուկուչյանը մանրամասն անդրադարձավ դիմումում տեղ գտած դեպքերին՝ ասելով, թե դրանց մեծ մասն ընտրական օրենսգրքի խախտում չի կարելի համարել։ Նա մի քանի օրինակ բերեց․ - «Ընտրող, որը միաժամանակ ընդգրկված է և՛ հիմնական ցուցակում, և՛ լրացուցիչ ցուցակում, մեկն է՝ Սիմոնյան Անահիտ Խաչիկի, ծնված 20.07․1951 թվականին։ Սա այդ ընտրողների լուսանկարներն են՝ իրարից տարբեր մարդիկ են, մեկը Գեղարքունիքի մարզում, մյուսը՝ Գյումրի»:

Հանձնաժողովի անդամները արձանագրեցին՝ քվեարկության օրը տեղի ունեցած խախտումները այնպիսին չեն եղել, որ ազդեին ընտրությունների արդյունքի վրա։ ԿԸՀ նախագահ Մուկուչյանը նկատեց՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար ծանրակշիռ հիմքեր են անհրաժեշտ։

«Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելն իրենից ներկայացնում է բավական լուրջ քաղաքական և իրավական զենք, որը պետք է օգտագործվի միայն բացառիկ դեպքերում», - ընդգծեց ԿԸՀ նախագահը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ

Այսօր 18.00-ին լրացավ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը։

Սահմանված ժամկետում ավագանու ընտրություններին մասնակցության հայտեր ներկայացրին Հյաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքն ու 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից վերջերս հիմնադրված «Երկիր ծիրանի» կուսակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG