Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի նախկին գումարման ԱԺ-ի 6 պատգամավորներից 5-ը խորհրդարան չանցան


Գյումրի, «Շիրակ» մարզադաշտը, արխիվ
Գյումրի, «Շիրակ» մարզադաշտը, արխիվ

Թեև նախնական արդյունքներով՝ Շիրակի մարզում հանրապետականները 53 հազարից ավելի քվե են ստացել, այնուամենայնիվ, Գյումրիում կրկին պարտվել են «Ծառուկյան դաշինքին»:

Մինչ այժմ խորհրդարանում Շիրակի մարզը 6 պատգամավոր է ներկայացրել: Վերջին ընտրություններից հետո նրանցից 5-ը դուրս մնացին Ազգային Ժողովից՝ իրենց տեղերը զիջելով նորերին: Հանրապետական Աշոտ Աղաբաբյանը չէր ընդգրկվել ոչ ՀՀԿ-ի տարածքային, ոչ էլ կուսակցական ընդհանուր ցուցակում: Նախկին ԲՀԿ-ական մեծամասնական պատգամավորներ Մարտուն Գիգորյանն ու Մուշեղ Պետոյանը, ովքեր այս անգամ Հանրապետականի տարածքային ցուցակով էին առաջադրվել, չհավաքեցին բավարար ձայներ ու նոր խորհրդարանում պատգամավորի մանդատ չեն ունենա:

Արթիկի տարածաշրջանից պատգամավոր Մուշեղ Պետոյանը թեև ըստ նախնական արդյունքների, խորհրդարան չի մտնելու, սակայն, ընտրությունների արդյունքներից գոհ է: «Ամեն ինչ նորմալ է ստացվել: Նախևառաջ դեռ չգիտենք անցածին կամ չանցածին, ի՞նչ գիտենք ով է գործադիր գնալու, ով է մնալու, երկրորդն էլ՝ ամեն ինչ ստացվել է, ես շատ էլ գոհ եմ: Էն անգամ 4 թեկանծու էինք, էս անագմ 100-ից ավելի, և բոլորն էլ աշխատել են»,- «Ազատությանն» ասաց Պետոյանը, հավելելով, որ «բացարձակ չի տխրել»:

Շուրջ 8800 քվե ստացած թեկնածուից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նրան խանգարեց Հանրապետականի ցուցակով առաջադրվելու հանգամանքը: «Չեմ կարծում, չէ, նման փոքր համայնքներում էդ կուսակցական պատկանելությունը․․․ավելի շատ աշխատում է անձի ֆակտորը, որպես անձ ով է, ում են ընտրելու»,- պատասխանեց Մուշեղ Պետոյանը: Ի դեպ, նա մատաղ է մատուցել՝ իր ընտրողներից շնորհակալություն հայտնել:

Հանրապետականի տարածքային ցուցակով առաջադրված անկուսակցական, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ զրուցել չհաջողվեց: Վերջինս 10700 քվեով 3-րդ տեղն է զբաղեցրել: Հանրապետական մեկ այլ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին հաջողվել է հավաքել 1140 քվե: 22 տարի շարունակ նա պատգամավոր է եղել, ինչու՞ այս անգամ չստացվեց:

«Երբ որ վերլուծում եմ ամբողջ պրոցեսը, ապա թերի որևէ բան չեմ տեսել, ի վերջո, ամեն ինչը ընտրողի որոշելիքն է հիմա, թե ընտրողը ինչից դուրս գալով է նման բան որոշում, էդ արդեն իրենց գործն է: Առաջիկա 5 տարիները ցույց կտան, թե իրենք իրենց որոշումը ճիշտ են կայացրել թե ոչ»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը: Ավելի շատ գաղափարի՞, թե ֆինանսական միջոցների պայքար էր: Այս հարցին նա խուսափողական պատասխան տվեց, այդուհանդերձ ակնարկելով, որ պայքարն «ավելի շատ փողի մեջ էր»:

«Տարբեր մարդիկ տարբեր ձևերով աշխատեցին և կարողացան ավելի շատ ընտրազանգված ներգրավել: Հիմա խոսում ենք գումարների մասին, բայց գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ էդ պրոցեսի մեջ կային: Համենայն դեպս՝ ընտրողն իր որոշումը կայացրել է, հիմի էդ որոշման կայացման մեջ ընտրողի պարտաճանաչությունն է, ասենք, իր խոստմանը, թե ուրիշ բան է, էդ արդեն ընտրողները շատ լավ գիտեն»,- նշեց Ավետիսյանը:

Նրա կարծիքով, տարածքային թեկանածուների ընտրության հարցում փոփոխություն պետք է արվի, ու ԱԺ գնան ոչ թե շատ ձայն հավաքած թեկանածուները, այլ նրանք, ովքեր շատ բան կարող են անել: «Քանի որ ինքը մաքուր ռեյտինգային չէ, որպեսզի ապագայում փորձենք նաև որոշակի կարգավորել այս խնդիրը, ուրեմն պետք է դրա փորձը լինի: Իսկ փորձն այն է, որ պարտադիր չէ՝ ամենաշատ ձայն հավաքած պատգամավորը պտի գնա ԱԺ, այս դեպքում կարելի է այնպիսի որոշում կայացնել, որ հետագայում բոլորն էլ համոզվեն, որ ԱԺ պտի գնա էն պատգամավորը, որն ավելի շատ բան կարող է անել»,- ասաց Ավետիսյանը: Իսկ թե հիմա ինչով կզբաղվի նա, «պարզ կդառնա կառավարության ձևավորումից հետո»:

«Հայկական վերածնունդ» կուսակացությունը նույնպես ԱԺ-ում այլևս ներկայացված չի լինի, թեև ամենաշատ ձայներ կուսակցությունը հենց Շիրակի մարզից է ստացել՝ շուրջ 13 հազար: Միայն 8000-ից ավելի քվե տարածքային թեկանածուներից Մեղրաշենի համայանքապետ Հունան Պետրոսյանն է ստացել: Շիրակի մարզից Հովհաննես Մարգարյանը 2000-ից ավելի քվե է ստացել: Ու թեև մեծամասնական ընտրակարգ, համաձայն նոր ԸՕ-ի, այլևս գոյություն չունի, Հովաննես Մարգարյանը կարծում է, որ տարածքային թեկնածուները, մեծ հաշվով, հենց մեծամասնական թեկանծուներ էին:

«Ըստ էության, կարելի է ասել՝ 100 տոկոս մեծամասնական էին, տրամաբանորեն Սահմանդրության պահանջը այդպես չէր, բայց, Ընտրական օրենսգրքով ամրագրվեց, բոլորս տեսանք՝ 100 տոկոս մեծամասնական ընտրություն: Եվ ֆինանսական միջոցների այս լուրջ ռեսուրսի ներդրման պայմաններում բավականին դժվար կլիներ պայքարել ու ավելի շոշափելի արդյունքներ ակնկալել: Այսինքն՝ ֆինանսի պայքար էր»,- ասաց Մարգարյանը: Հարցին՝ դուք չէի՞ք տիրապետում ֆինանսական միջոցների, պատասխանեց․ «Դե կարծում եմ գիտեք՝ չեմ տիրապետել և չեմ տիրապետում: Գյումրեցիները լավ են ասում՝ մի բուդկա անգամ չունեմ, թերթի բուդկա»:

Նշենք՝ թեև նախնական արդյունքներով՝ Շիրակի մարզում հանրապետականները 53 հազարից ավելի քվե են ստացել, այնուամենայնիվ, Գյումրիում կրկին պարտվել են «Ծառուկյան դաշինքին»:

Շիրակի մարզի նախկին գումարման ԱԺ-ի 6 պատգամավորներից 5-ը խորհրդարան չանցան
please wait

No media source currently available

0:00 0:06:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG