Մատչելիության հղումներ

ԱԺ ընտրություններն ընթացել են «բազմաթիվ խախտումներով»․ «Անկախ դիտորդ»


Արտաշատի ընտրատեղամասերից մեկում, 2-ը ապրիլի, 2017 թ․
Արտաշատի ընտրատեղամասերից մեկում, 2-ը ապրիլի, 2017 թ․

«Ազգային ժողովի ընտրություններն ընթացել են բազմաթիվ խախտումներով և քվեարկողների նկատմամբ զանգվածային վերահսկողության պայմաններում»։ Այս մասին հայտարարում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ ամփոփելով նախընտրական և բուն ընտրական գործընթացի դիտարկման աշխատանքները։

Ապրիլի 2-ին դիտորդություն իրականացնելով հանրապետության 200 տեղամասերում և թիվ 35 տարածքային հանձնաժողովում, դաշինքի անդամներն ավելի քան 3050 խախտում են արձանագրել։ «Անկախ դիտորդի» ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ դրանց հիմնական մասն իրենց բնույթով «անհերքելիորեն» ազդել են ընտրությունների արդյունքների վրա։

«Տեղամասերի մեծ մասում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողը քվեաթերթիկը դրսում է լրացրել, կամ ցույց է տվել: Դա արվել է միտումնավոր, քանի որ գումար է վերցրել ու ցույց է տալիս՝ խոստումս կատարել եմ»,- ասում է Իոաննիսյանը:

Քվարկության գաղտնիության խախտման դեպքերն այսքանով չեն ավարտվում։ «Անկախ դիտորդը» դիտարկած տեղամասերի 30 տոկոսում արձանագրել է, որ ընտրողը քվեարկությունից անմիջապես հետո բարձրաձայն հայտարարում է, կամ վստահված անձանց տեղեկացնում է, թե ում է տվել իր քվեն։ 200 տեղամասից 134-ում էլ քվեախցիկներում ընտրողից բացի այլ մարդիկ էլ են եղել՝ «Տեղամասերի երկու երրորդում այլ մարդ է մտել քվեախցիկ ու դա չի եղել օգնող»:

Խախտման մի ձևն էլ, որն ըստ դիտորդների, կարող էր ազդել ընտրության արդյունքի վրա, այն էր, որ ամեն երկրորդ տեղամասում կամ դրան հարող տարածքում եղել է վիճաբանություն։ Հասարակական դաշինքի անդամ Լիաննա Հովհաննիսյանն «Ազատությանը» պատմեց, թե ինչին է ականատես եղել Զոլաքար համայնքի 21/28 տեղամասում․ «Բաց քվեարկություն էր, քվեախուց մտնում էին ընտանիքով, ասում էին՝ 6/6-ին կքվերակեք, դա Հակոբ Հակոբյանն էր»:

Լուսինե Աղաջանյանն էլ դիտորդ է եղել Ավան Առինջ համայնքի 1/10 տեղամասում։ Զեկույցում տեղ գտած՝ խախտման գրեթե բոլոր տեսակներն այնտեղ արձանագրվել են։ Ասում է՝ հանձնաժողովի անդամներն ու նախագահը չէին կարողանում կառավարել իրավիճակն ու պայքարել կուտակումների դեմ։

Դաշինքի նախնական զեկույցում գնահատականներ են տրված նաև իրավապահների աշխատանքին։ Դանիել Իոաննիսյանը շեշտում է՝ Ոստիկանությունը ջանք չգործադրեց՝ բացահայտելու որևէ խախտում, իսկ ակնհայտ հանցագործություն պարունակող հաղորդումները հերքվեցին։ «Երբ «Ազատության» լրագրողը կարողանում է ընտրակաշառք բռնել, իսկ նա ոչ, ուրեմն չի կարողանում, ուրեմն չի ցանկանում»,- ասաց Իոաննիսյանը:

Անկախ դիտորդը վստահեցնում է՝ իրենց զեկույցում տեղ գտած խախտումների գերակշիռ մասն արձանագրված է նաև տեղամասերի գրանցամատյաններում։ Դաշինքը վստահ է, որ սա կարող է խթանել որոշ կուսակցությունների՝ վիճարկելու ընտրությունների արդյուքները:

Հիշեցնենք՝ երեկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հայտարարեց, որ բողոքարկելու է ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքների օրինականությունը և այդ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմելու է Սահմանադրական դատարան ու ԿԸՀ: Ավելի վաղ ԿԸՀ էր դիմել նաև Օսկանյան-Րաֆֆի- Օհանյան դաշինքը՝ պահանջելով մեկ բազայում միավորել տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը և ստուգել՝ արդյո՞ք կան մատնահետքերի համընկնումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG