Մատչելիության հղումներ

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կցուցադրվեն հայկական միջնադարյան մշակութային գանձերը


Այսօր Ազգային պատկերասրահում ավարտվեց «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ կազմակերպված «Թանգարանային ցուցադրություն․ նախագծում և դիզայն» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նախատեսված թանգարանային ցուցադրությունների կազմակերպման ոլորտի հայաստանյան մասնագետների համար:

Կազմակերպիչներն այս գիտաժողովն առավելապես դասընթացների տեսքով էին վարում, դրանց մասնակցում էին Հայաստանի և Ջավախքի ավելի քան 25 թանգարանների ներկայացուցիչներ: Գիտաժողով-դասընթացները կազմակերպվել էին Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Հայաստանի մշակույթի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից, որոնց շնորհիվ էլ հայաստանցի մասնագետները հնարավորություն ստացան վերապատրաստվել, ունկնդրել ամերիկյան և եվրոպական խոշորագույն թանգարանների լավագույն մասնագետներին:

Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-Ի Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Մարինե Հարոյանի խոսքով, այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել Հայաստանի թանգարանային ոլորտի մասնագետների հմտություններն ու ունակությունները ցուցադրությունների և ցուցահանդեսների կազմակերպման գործում:

Դասախոսությունների և գործնական աշխատանքների շնորհիվ այս երեք օրերի ընթացում մասնակիցները նոր փորձառություն ձեռք բերելու հնարավորություն ստացան, տեղեկացան այսօր աշխարհում թանգարանային ցուցադրության ոլորտում իրականացվող նորույթներին և հմտություններին: Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն էլ ասաց, որ ժամանակակից աշխարհը թանգարանային ցուցադությունների ոլորտում շատ առաջ է գնացել:

Գիտաժողով-դասընթացը վարում էին Ամերիկյան կուրատորների ասոցիացիայի նախագահ Հելեն Էվանսը՝ Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի երկարամյա փորձագետը, Ամանդա Մայնեն՝ Բրիտանական թանգարանից, Սիմթսոնյան թանգարաննների համակարգող փորձագետ Էրիկ Քրիստիանսենը և ուրիշներ: Նրանց համոզմամբ, այստեղ՝ Հայաստանում հսկայական պատմամշակությային ժառանգություն է կուտակվել հարյուրամյակների ընթացքում, և այս ամենը պետք է ոչ միայն պահպանվի, այլև հավուր պատշաճի ցուցադրվի ու մատուցվի արվեստասեր հանրությանը:

«Մետրոպոլիտեն» թանգարանից Հելեն Էվանսն ասում է, որ իր ու մյուս գործընկերների համար մեծ պատիվ է՝ ներգրավված լինել աշխարհի հնամենի մշակույթներից մեկը կրող ժողովրդի պատմամշակությաին ժառանգությունը ժամանակակից աշխարհում ընդունված ձևերով ներկայացնելու այս ուսումնագիտական գործընթացին:

Այս օրերին Երևանում էին մի խումբ թանգարանային փորձագետներ Միացյալ Նահանգներից, որոնցից «Մետրոպոլիտեն» թանգարանի փորձագետ Հելեն Էվանսը նաև շեշտում է՝ շատ շուտով ԱՄՆ-ի արվեստասերներն էլ հնարավորություն կունենան՝ համգամանորեն ծանոթանալ հայկական արվեստին և մշակույթին՝ շնորհիվ հաջորդ տարի Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացվող ցուցահանդեսի:

Ի պատասխան «Ազատության» հարցին՝ կոնկրետ ինչ է ցուցադրվելու, նա ասաց, որ հաջորդ տարի սեպտեմբերի 21-ին Նյու Յորքի «Մետրոպոլիետեն» թանգարանի սրահներում բացվելու է միջնադարյան Հայաստանի՝ 4-17-րդ դարերի պատմամշակությաին ժառանգությունը ներկայացնող ուշագրավ ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մատենադարանի և Պատմության թանգարանի ցուցադրանմուշնեը:

Վաղ միջնադարից՝ քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը ներառող շրջանի հայկական մշակութային ձեռքբերումները ներկայացնող այդ ցուցահանդեսում ամերիկյան հանրությանը կներկայացվեն ոչ միայն հայկական ձեռագրեր, այլև հայերեն առաջին տպագիր գրքերը: Ի դեպ՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում մշտակա ցուցադրության է դրված դեռ տարիներ առաջ Հայաստանի կառավարության կողմից թանգարանին նվիրված խաչքարը:

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կցուցադրվեն հայկական միջնադարյան մշակութային գանձերը
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG