Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկել է Սիրիայի ավիաբազաներից մեկի՝ ԱՄՆ-ի զինուժի կողմից հրթիռակոծման հարցը, սակայն, նիստի արդյունքում պաշտոնական որևէ որոշում չի ընդունվել:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասել է. «Մեր հրթիռները ոչնչացրել են ավիաբազան, որտեղ տեղակայված են քիմիական նյութերով Խան-Շեյխուն քաղաքին հարված հասցրած ինքաթիռները: Դա բացարձակապես արդարացված և համարժեք քայլ էր, ինչը կարող է կրկնվել, սակայն, մենք հույս ունենք, որ դրա անհրաժեշտությունը չի լինի»:
Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովը Միացյալ Նահանգներից պահանջել է անհապաղ դադարեցնել «ագրեսիան Սիրիայի դեմ», միանալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ու ահաբեկչության հակազդմանն ուղղված միացյալ ջանքերին: «Ռուսաստանը պատրաստ է նման համագործակցության»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը:
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆտի խոսքով՝ «Ռազմական մեծագույն հանցագործ Բաշար Ասադը հիմա կհասկանա, որ իր չարագործություններն անպատիժ չեն մնա»: