Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն դատապարտում է Հարավային Օսիայում կայանալիք ընտրությունները


Մարկ Թոներ, արխիվ

Միացյալ Նահանգները դատապարտել է Վրաստանից անջատված Հարավային Օսիայում ապրիլի 9-ին նախատեսված ընտրություններն ու հանրաքվեն, դրանք համարելով «անօրինական»:

Կիրակի օրը կայանալիք՝ Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին զուգահեռ նախատեսվում է նաև հանրաքվեի դնել Հարավային Օսիայի անվանափոխության հարցը․ առաջարկվում է այն կոչել «Հարավային Օսիա-Ալանիա Հանրապետություն»:

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոները ապրիլի 7-ին հայտարարել է, թե Վաշինգտոնը չի ճանաչում Աբխազիայում մարտի 12-ին ու մարտի 26-ին անցկացված, ինչպես նաև՝ ապրիլի 9-ին Հարավային Օսիայում պլանավորված «անօրինական ընտրությունների արդյունքները»:

«Այդ անօրինական ընտրություններն ու հանրաքվեն անցկացվում են Վրաստանի տարածքում, առանց Վրաստանի կառավարության համաձայնության»,- ասել է Մարկ Թոները, ընդգծելով՝ «Միացյալ Նահանգներն ամբողջովին սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքիշխանությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում մեր դիրքորոշումը հստակ է և հետևողական՝ այդ շրջանները Վրաստանի անբաժանելի մասն են կազմում»:

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG