Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ում այս պահին չեն քննարկում «Ծառուկյան դաշինքի» հետ կոալիցիա ձևավորելու հարցը․ Շարմազանով


Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հանրապետականի խոսնակը, միևնույն ժամանակ, չի բացառում և հավանական է համարում, որ կշարունակվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցությունը:

Հանրապետական կուսակցությունն այս պահին չի քննարկում «Ծառուկյան դաշինքի» հետ կոալիցիոն համագործակցության հարցը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ-ի օրակարգում այս պահին «Ծառուկյան դաշինքի» հետ կոալիցիա ձևավորելու հարց չկա: ՀՅԴ-ի հետ կապված էլ չենք քննարկել: Բայց քանի որ այսօր Հանրապետականը և Դաշնակցությունը գտնվում են իշխանության ընդհանուր մարմնում և ընդհանուր պատասխանատվություն են ստանձնում, դրա համար ավելի տրամաբանական են այդ քննարկումները: Ինչպիսի՞ վերջաբան կունենան դրանք, կախված է երկու կուսակցությունների քաղաքական ծրագրերից, տեսլականներից և պատասխանատվության չափաբաժնից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Խորհրդարան անցած ուժերի հետ հնարավոր կոալիցիա ձևավորելու հարցն, ըստ նրա, ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կքննարկի հաջորդ շաբաթ: «Կա երկու տարբերակ․ տարբերակ համար 1՝ Հանրապետականը միայնակ է ձևավորում կառավարություն, քանի որ դրա մանդատը ունի, 58 մանդատ ունենք արդեն, տարբերակ համար 2՝ կոալիցիոն կառավարություն է ձևավորվում ամբողջական պատասխանատվությամբ, բայց դա կքննարկենք»,- շարունակեց ՀՀԿ խոսնակը:

Հիշեցմանը, որ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը շարունակելու ցանկություն, այդուհանդերձ, հայտնել եք, նա արձագանքեց․ «Այդ ցանկությունը հիմնված է եղել այն ռազմավարական համաձայնագրի վրա, որը ստորագրվեց անցյալ տարի ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև: Երբ ինձ հարց տվեցին՝ կլինի՞ կոալիցիա, թե ոչ, ես ասացի, որ չեմ բացառում և հավանական եմ համարում:

Ինչու չի կարելի բացառել, որովհետև երկու ուժերն էլ մտել են խորհրդարան, երկու ուժերն էլ ցանկացել են շարունակականություն ապահովել: Եթե ծրագրերի շուրջ գանք ընդհանուր համաձայնության, բնականաբար, հավանական համարում եմ: Բայց ամեն ինչը քննարկումներ է պահանջում, դա զուտ մանդատների կամ նախարարների պորտֆելների բաշխում չի լինելու: Կքննարկեն երկու կուսակցությունով՝ կտեսնենք»:

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպել են: Այդ հանդիպման ընթացքում, սակայն, նույն աղբյուրի փոխանցմամբ, խոսք չի եղել նոր ԱԺ-ում կոալիցիա կազմելու մասին: Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից Շարմազանովը տեղյակ չէր․ «Չեմ կարող ասել՝ հանդիպում եղել է, թե չէ, որովհետև տեղեկություն չունեմ»:

ԲՀԿ-ի ներկայացուցիչներից ողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ ճշտել ինչպես Սերժ Սարգսյան - Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին տեղեկությունը, այնպես էլ Հանրապետականի հետ հնարավոր համագործակցության ծրագրերը:

Ընտրարշավի օրերին «Ծառուկյան դաշինքից» Նաիրա Զոհրաբյանը բացառում էր «հետընտրական համագործակցությունը Հանրապետականի հետ»: Ընտրություններից հետո, այդուհանդերձ, առայժմ միայն «Ելք» դաշինքն է հայտարարել, որ Հանրապետականի հետ երբեևէ կոալիցիա կամ ազգային համաձայնության կառավարություն չեն ձևավորի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG