Մատչելիության հղումներ

Իշխանական ու ընդդիմադիր ուժերի դիմակայությունը Վանաձորի ավագանիում շարունակվում է


Ընդդիմադիրները բոյկոտում են ավագանու նիստը Վանաձորում, արխիվ:

Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամներն ապօրինի են համարում մարտի 31-ին կայացած ավագանու նիստը, որին մասնակցել են միայն Հանրապետական խմբակցության 13 և Դաշնակցության 2 անդամները։

Մեծամասնությունը՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունների 18 անդամները հերթական անգամ բոյկոտել ու չեն մասնակցել նիստին։

Վանաձորի ավագանիում Հանրապետականից հետո ամենաշատ թվով՝ 10 մանդատ ունեցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանն «Ազատությանն» ասաց, որ քվորումի բացակայության պայմաններում տեղի ունեցած նիստը չի կարող օրինական համարվել․ - «Փորձելով ինչ-որ կերպ պահպանել էս իշխանությունը, որ մանդատագողության արդյունքում է տեղի ունեցել՝ փորձում են ինչ-որ կերպ անցկացնել, որը որ նմանվում է իրականում փողերի լվացման օպերացիային, բայց էստեղ մենք գործ ունենք մանդատների լվացման հետ»:

Օրենքի համաձայն, ընտրություններից հետո 6 ամիս շարունակ նիստեր չգումարվելու դեպքում ավագանին լուծարվում է և նոր ընտրություններ են նշանակվում։ Մինչ ապրիլի 10-ին կլրանար այդ ժամկետը, Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը, մարտի 31-ին, երբ քաղաքական ուժերն զբաղված էին ընտրություններով, իշխանության ներկայացուցիչները հավաքվել են, հաստատել են քաղաքի 2017 թվականի բյուջեն ու 2016 թվականի բյուջեի կատարողականը, հաստիքացուցակները, աշխատավարձի չափերն ու այլ կարևոր որոշումներ ընդունել։

«Կարևորագույն հարցեր են դրվում քննարկման, որը որ որևէ առարկության, որևէ քննադատման կամ որևէ քննարկման չի ենթարկվում, և միաձայն տեղի են ունենում որոշումներ», - պնդեց Մարուքյանը:

Մինչդեռ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հղում է կատարում անցած տարեվերջին «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում կատարված փոփոխություններին և նշում, որ 64-րդ հոդվածի համաձայն ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ:

Չնայած մեկ այլ՝ 16-րդ հոդվածի համաձայն, ավագանու նիստին պետք է ներկա լինեն անդամների առնվազն կեսից ավելին, մասնագիտությամբ իրավաբան քաղաքապետը համարում է, որ 33 անդամից 15-ի ներկայությունը բավարար է եղել որոշումներ ընդունելու համար․ - «Ես ամեն ինչ կատարել եմ օրենքի շրջանակներում, օրենքի որևէ տառ չեմ շրջանցել և չեմ խախտել: Սրանից հետո էլ եմ օրենքի շրջանակներում աշխատելու: Վանաձոր քաղաքի ավագանին պիտի գործի: Ասենք, ընդդիմությունն է, քմահաճ է, չի ուզում մասնակցի․․․»:

Վանաձորի քաղաքապետը շեշտում է, որ չկայացած նիստերի պատճառով չէր կարողանում լիարժեքորեն տնօրինել քաղաքի բյուջեն․ - «Անցյալ տարվա բյուջեով էինք մենք աշխատում և հաճախ գալիս էին կազուսի առաջ կանգնում, որ էս ամիս մեզ պետք է ինչ-որ մի ծախս կատարել, բայց քանի որ անցյալ տարվա բյուջեի այդ ամսվա այդ տողում նախատեսված չէր էդ ծախսը, մենք չէինք կարող այն կատարել»:

Քրիստ Մարուքյանը հակադարձում է. բյուջեն չհաստատվելու պարագայում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով ու չափերով։ Առանձնապես մեծ տարբերություններ չտեսնելով անցած ու ընթացիկ տարիների բյուջեներում՝ ասում է. - «Այս 5-6 ամսվա ժամկետը բավարար ժամանակ էր, որպեսզի ցույց տային, որ եղած ռեսուրսով ավելի լավ կառավարելու հմտություններով է եկել նոր քաղաքապետը՝ իր թիմով հանդերձ: Բայց մենք դա չենք նկատել, և եղած գումարով ավելի շատ աշխատանք ցույց տալու որևէ ջանք չենք տեսել»:

Մինչդեռ իր ու կողմնակիցների աշխատանքից գոհ քաղաքապետը վստահեցնում է, թե քաղաքում մարդկանց հոգեբանությունն ու մթնոլորտը լավացել է, Վանաձորն էլ զարգացնելու համար քաղաքական ուժերին համախմբվելու կոչ է անում․ - «Քաղաքը պիտի զարգանա, ընդդիմություն, դիմություն թե ինչ, մենք վանաձորցիներ ենք և քաղաքը պիտի միասին, միասնաբար զարգացնենք: Կարծում եմ, դրա ամենալավ նշանաբանը համախմբվածությունն է և միասին դեպի ապագա նայելը»:

«Լուսավոր Հայաստանը» Վանաձորում քննարկում է իր քայլերը հետագա։ Մինչև այսօր նրանց բոյկոտին միացած երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» ևս Վանաձորում լռում են իրենց անելիքների մասին՝ որոշման պատասխանատվությունը թողնելով կուսակցությունների վերադաս անդամներին, որոնք, սակայն, դեռ հրապարակային հայտարարություն այս մասին չեն անում։

Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին կայացած Վանաձորի ընտրություններից հետո անցողիկ շեմը հաղթահարած 5 կուսակցություններից 3-ը միավորվեցին՝ ի հակակշիռ իշխանական կուսակցությունների, և ավագանիում մեծամասնություն կազմելով հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուին։ Այսինքն, ենթադրվում էր, որ երեք ձայնի առավելությամբ «Լուսավոր Հայաստանը» կհաղթեր Հանրապետականին: Սակայն փակ գաղտնի քվեարկության արդյունքում Մամիկոն Ասլանյանը 4 ձայն ավելի ստացավ ու դարձավ քաղաքապետ։

Մինչև այսօր այդպես էլ անհայտ է, թե ովքեր են քվեարկելհօգուտ Հանրապետականի թեկնածուի, որոնց օգնությամբ նա քաղաքապետ դարձավ, սակայն այսօր չեն ներկայանում ավագանու նիստերին և նույն կերպ չեն օժանդակում անարգել կայացնել նիստերը։

«Մարդկանց մոլորեցնելով, ընդդիմադիր ձայներ ստանալով մենք տեսանք, որ խմբակցություններից որոշ մարդիկ իրենց ձայները տվեցին Հանրապետականի թեկնածուին, և խոստացված Վանաձորի նոր էջը այդպես էլ չի բացվում», - ասաց Քրիստ Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG