Մատչելիության հղումներ

Ամստերդամ․ Թուրքիան պատանդ է պահում ծագումով թուրք հոլանդացիներին


Նիդերլանդների արտգործնախարար Բերթ Կոենդերս, արխիվ
Նիդերլանդների արտգործնախարար Բերթ Կոենդերս, արխիվ

Նիդերլանդների և Թուրքիայի միջև վերջին շրջանում ծագած լարվածությունն ահագնանում է:

Նիդերլանդների արտգործնախարարությունն ահազանգում է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակազմը հալածում է ծագումով թուրք տասնյակ հոլանդացիների՝ թույլ չտալով նրանց անգամ դուրս գալ երկրից: Հոլանդիայի հանրային հեռուստաընկերությունը երեկվանից հաղորդում է, որ Նիդերլանդների առնվազն 100 քաղաքացիներ, որոնք Թուրքիա էին մեկնել արձակուրդի կամ հարազատներին այցելելու, այժմ, ըստ էության, պատանդ են դարձել Թուրքիայի իշխանությունների ձեռքում:

«Արգելանքի համար տարբեր պատճառներ են բերվում: Հիմնականում, սակայն, տպավորություն է, որ նրանց մեղադրում են էրդողանի ընդդիմախոս Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ առնչություններ ունենալու մեջ»,- հեռուստաընկերությանն ասել է Նիդերլանդների արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ընդ որում, ըստ Հոլանդիայի արտգործնախարարության, նման խնդրի են բախվում նաև եվրոպական այլ երկրների ծագումով թուրք այն քաղաքացիները, որոնք քննադատում են Էրդողանին:

«Իրականում հետապնդման ենթարկվողների թիվը շատ ավելի մեծ է»,- Նիդերլանդների հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Հոլանդիայում գյուլենական շարժման ներկայացուցիչ Սանիե Չալկինը՝ ընդգծելով․ «Մենք գիտենք, որ մեր շարժման բազմաթիվ հետևորդներ, ունենալով այլ երկրների քաղաքացիություն, հալածվում են Թուրքիայում: Նրանց նկատմամբ ճնշումն էլ ավելի սաստակացավ, երբ Էրդողանն անձամբ կոչ արեց թուրքերին՝ թիրախավորել գյուլենականներին: Հիմա թուրքական հասարակության մեջ հսկայական լարվածություն ու երկփեղկվածություն կա»:

Հոլանդիայում բնակվող գյուլենական Չալկինը, որպես ասվածի ապացույց, իր ընկերների օրինակն է բերել՝ «Նրանց որդին ավտովթարի զոհ էր դարձել, ծնողները մեկնել էին Թուրքիա՝ դիակը հողին հանձնելու, սակայն, հիմա այլևս չեն կարողանում Հոլանդիա վերադառնալ: Նրանց կանգնեցրել են սահմանին ու ձերբակալել»:

Նիդերլանդների արտգործնախարար Բերթ Կոենդերսը ժամեր առաջ հայտարարել է, թե իր ղեկավարած գերատեսչությունն ու ինքն անձամբ զբաղվում են այս խնդրով, և ամեն ինչ կանեն, որպեսզի ցանկացողները կարողանան Նիդերլանդներ վերադառնալ:

Թուրքիայի դեսպանատունը, մինչդեռ, բավական կոշտ է արձագանքել այս հաղորդումներին՝ «կողմնակալ» ու «ոչ հավաստի» որակելով դրանք: Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությանը տված գրավոր պատասխանում պաշտոնական Անկարան, ըստ էության, չի հերքել, որ այդ երկրի ծագումով թուրք տասնյակ քաղաքացիների թույլ չի տրվում հեռանալ Թուրքիայից: Սակայն, ըստ դեսպանատան, դա արվում է ոչ թե նրանց ընդդիմադիր կեցվածքի, այլ «ահաբեկիչ Ֆեթուլահ Գյուլենին աջակցելու և նրա շարժման հետ կապ ունենալու համար»:

«Այդ հաղորդումներով հոլանդական կողմը ստվերում է Թուրքիայի իշխանությունների օրինական քայլերն ընդհատակյա ահաբեկչական ցանցի դեմ, որը պատասխանատու է անցած տարվա արյունալի հեղաշրջման փորձի համար»,- հայտարարել է Հոլանդիայում Թուրքիայի դեսպանատունը:

Ավելի վաղ՝ անցած ամիս, Թուրքիան դադարեցրել էր բարձր մակարդակով դիվանագիտական շփումները Նիդերլանդների հետ, երբ Հոլանդիայի կառավարությունն արգելել էր թուրքիայի երկու նախարարների՝ քարոզարշավ անցկացնել Ռոտերդամում՝ էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին:

Հոլանդիայի ոստիկանությունն անգամ երկրից դուրս էր ուղեկցել թուրք նախարարներից մեկին, ինչին ի պատասխան, նախագահ Էրդողանը Հոլանդիան համեմատել էր «բանանային հանրապետության» հետ, հոլանդացիներին էլ «ֆաշիստ» ու «նացիստական մնացորդներ» անվանել՝ միջազգային կազմակերպություններից պահանջելով պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG