Մատչելիության հղումներ

Մոսկվան Արևմտյան Երուսաղեմը տեսնում է որպես Իսրայելի, Արևելյանը՝ Պաղեստինի ապագա մայրաքաղաք


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանը հայտարարել է, որ Արևմտյան Երուսաղեմը տեսնում է որպես Իսրայելի ապագա մայրաքաղաք, իսկ քաղաքի արևելյան մասը՝ Պաղեստինի ապագա մայրաքաղաք: Մոսկվայի այս հայտարարությունը Թել Ավիվում որակում են «անսպասելի, աննախադեպ և հետաքրքրաշարժ»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այդ հայտարարությունը, որը հրապարակվել է ապրիլի 6-ին, դիտարկվում է որպես էական առաջընթաց, քանի որ Մոսկվան նախկինում պնդում էր, որ քաղաքը պետք է լինի միջազգային վերահսկողության ներքո:

Հայտարարությունում մասնավորապես նշված է․ - «Մենք հաստատում ենք մեր աջակցությունը կարգավորման սկզբունքների վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումներին՝ այդ թվում Արևելյան Երուսաղեմի կարգավիճակի՝ որպես Պաղեստինի ապագա մայրաքաղաք: Միաժամանակ, մենք անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ այդ համատեքստում Արևմտյան Երուսաղեմը տեսնում ենք որպես Իսրայելի մայրաքաղաք»:

Պաղեստինցիները ամբողջ քաղաքն են համարում իրենց ապագա մայրաքաղաքը: Իսրայելը բռնակցել է քաղաքի արևելյան մասը և հռչակել այն իր մայրաքաղաք, ինչը, սակայն, միջազգային հանրության կողմից չի ճանաչվել:

1948 թվականի պլանի համաձայն Երուսաղեմը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի գլխավորած «հատուկ միջազգային ռեժիմին»:

1955 թվականին ԱՄՆ Կոնգրեսը ակտ է ընդունել ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին՝ այդպիսով փաստացի ճանաչելով այն որպես Իսրայելի մայրաքաղաք: Օրինագիծը, սակայն, ուժի մեջ չի մտել: Նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը և Բարաք Օբաման քաղաքը չեն ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել են, որ Կոնգրեսի հավանությանն արժանացած օրինագիծը խախտում է գործադիր իշխանության լիազորությունները արտաքին քաղաքականությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG