Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ ԱԳ նախարարների նիստին․ Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նիստը մեկնարկել է նեղ ձևաչափով, ապա շարունակվել է ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։

Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հարցեր, ասված է հաղորդագրությունում:

ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Նիստի մասնակիցները հայտարարություն են ընդունել քրիստոնյաների, մահմեդականների և այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության անթույլատրելիության մասին։

ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են իրավապահ, կիբերանվտանգության, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին:

Արտգործնախարարների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

Նիստի մասնակիցները քննարկել և հավանության են արժանացրել 16 փաստաթղթերի նախագծեր:

Որոշվել է ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG