Մատչելիության հղումներ

«Երկիր ծիրանի»-ն հակված է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին


Զարուհի Փոստանջյանի հիմնադրած «Երկիր ծիրանի» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը։ «Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչն ասաց՝ մինչև ապրիլի 9-ը որոշում կկայացնեն։

Հարցին, թե հակվա՞ծ են մասնակցելու, Փոստանջյանը դրական պատասխանեց և հավելեց՝ դեմ չէ, որ հենց ինքը լինի Երևանի քաղաքապետի թեկնածուն։ Նա նաև ասաց, որ միայնակ կգնան այդ ընտրություններին՝ որևէ ուժի հետ չեն միանա։

«Ազատություն»․ - Պատրաստվո՞ւմ եք առաջադրվել Երևանի քաղաքապետի ընտրություններին:

Փոստանջյան․ - Որոշ աշխատանքներ իրականացնում ենք, այդ որոշումը կլինի այս երկու օրերի ընթացքում, վերջնաժամկետը կիրակի է: Եթե նման որոշում մենք կայացնենք, ապա հնարավոր է նաև տեղի ունենա առաջադրում հենց կուսակցության կողմից՝ իր ավագանու ցուցակով:

«Ազատություն»․ - Հակվա՞ծ եք մասնակցելու:

Փոստանջյան․ - Կարծում եմ, որ ցանկացած քաղաքական գործընթաց պետք է օգտագործել քաղաքական պայքարը մղելու համար, հետևաբար՝ այս նույն քաղաքական գործընթացը կարող էր նաև օգտակար լինել քո քաղաքական ծրագիրը հրապարակելու համար և քո քաղաքական գաղափարը կիսելու և տարածելու համար և նաև, իհարկե, մեր հանրությանը ոտքի կանգնեցնելու համար:

«Ազատություն»․ - Եվ, եթե այո, Դուք կլինեք քաղաքապետի թեկնածուն:

Փոստանջյան․ - Եթե որոշում կլինի այդպիսի, կարող է և նաև ես լինեմ: Ես դեմ չեմ:

«Ազատություն»․ - Իսկ ի՞նչ ռեսուրսով, եթե խորհրդարանականից հետո ընդդիմադիրներն են ասում, որ Հանրապետականի դեմ հատկապես, ընտրակաշառքի դեմ իրենց բաժանած պայքարել հնարավոր չէ, դեմն առնել հնարավոր չէ:

Փոստանջյան․ - Իհարկե, ընտրակաշառքի դեմ հնարավոր չէ պայքարել, որովհետև եթե քո բնակչության շուրջ 35 տոկոսը պաշտոնապես հայտարարվում է, որ աղքատ են, ապա աղքատ քաղաքացուն, որը խնդիրներ ունի բազմաթիվ, դու չես կարող պարտադրել, հնարավորությունը միայն այն է, որպեսզի նա հստակ կողմնորոշվի սևի և սպիտակի միջև, այլ ոչ թե, պատկերը այդ գույնզգույն իր համար արդեն դարձնում է ընտրությունը բավականին դժվարին, և այստեղ ինքը արդեն հասկանում է, որ ավելի լավ է՝ ինքը լուծի իր ամենաամենակարևոր առօրյա խնդիրը՝ մեկժամյա խնդիրը, քան նայի դեպի ապագա և լուծի ռազմավարական խնդիր: Եվ այդտեղ է հմտությունը՝ կարո՞ղ ենք արդյոք մենք այդպիսի առաջարկ ներկայացնել հանրությանը, թե՞ չենք կարող:

«Ազատություն»․ - Սրանք [Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունները] կեղծվա՞ծ ընտրություններ էին, թե՞՝ ոչ:

Փոստանջյան․ - Իհարկե կեղծված են, ինչպե՞ս կարելի է կեղծված չհամարել: Ընտրությունը միայն այդ մեկ օրով չէ, միայն ընտրատեղամասով չէ: Նույն այդ ռեյտինգային քվեարկությունը ինքը արդեն ընտրակեղծարարություն է: Եթե քո երկրում կան քաղաքական հայացքների համար անձինք, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ընտրություններին, դա նույնպես ընտրակեղծարարություն է: Իհարկե, այն 15 թվականի լցոնումները տեղի չունեցան, բայց դա դեռ չնշանակեց, որ ընտրությունները չկեղծվեցին:

«Ազատություն»․ - Չե՞ք զղջում, որ որևէ ցուցակով չմասնակցեցիք: Որովհետև, օրինակ, «Ելք»-ի դեպքում հիմա արդեն պատգամավոր կլինեիք ցուցակով:

Փոստանջյան․ - Ես չեմ կարծում, որ երջանկության պահեր կան ապրելու, ընդհակառակը՝ այս խորհրդարանը նույնպես մեր ժողովրդին բարօրություն չի բերելու, դեռ ավելին՝ ես համոզմունք ունեմ, որ նույն դժբախտ խորհրդարանի թվին է պատկանելու:

«Ազատություն»․ - Իսկ Ձեր նախկին կուսակիցների արձանագրած 2-տոկոսանոց արդյունքը անակնկալ չէ՞ր Ձեզ համար՝ նկատի ունեմ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին:

Փոստանջյան․ - Իհարկե անակնկալ չէր, իհարկե ցավում եմ, որովհետև, ամեն դեպքում, ցանկալի չէ քո բազմամյա ընկերներին տեսնել այդպիսի վիճակում, և պատասխանը տալու է և՛ հանրությունը, և՛ այս մարդիկ մի օր, վերջ ի վերջո, պետք է պատասխանեն նաև հանրությանը՝ ինչու այս ապօրինի քայլին դիմեցին և ինչու ձախողեցին: Բայց իմ համար արդեն «Ժառանգություն»-ը անցյալում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG