Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմինը, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով, միաձայն որոշել է՝ Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետականի համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, ՀՀԿ ԳՄ անդամ, Երևանի կառույցի պատասխանատու Տարոն Մարգարյանը: Այդ մասին հինգշաբթի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա փոխանցմամբ՝ ՀՀԿ ցուցակի երկրորդ համարն է միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը:

«Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում քաղաքապետ Մարգարյանի գլխավորությամբ Երևան քաղաքում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, և կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կշարունակի այն բարեփոխումները, որը նախաձեռնել է տարիներ առաջ», - ասաց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը հայտնեց, որ ցուցակում 100-ից ավելի մարդ է ընդգրկված․ - «Մեծ փոփոխություններ չկան ցուցակում, իհարկե, կան նաև նոր դեմքեր՝ և՛ մշակույթի, և՛ սպորտի, և՛ գիտության, և՛ գործող ավագանիներ, և՛ վարչական շրջանի ղեկավարներ, ներկայացուցիչներ, փոխքաղաքապետեր: Մեր Երևան քաղաքի հանրապետական թիմը ամբողջությամբ ընդգրկված է համամասնական ցուցակում, գործող ավագանիների մեծ մասը, և մենք գնում ենք շարունակականության ճանապարհով: Պատրաստ ենք ազատ, արդար մրցապայքարի, պատրաստ ենք ներկայացնել ծրագրային դրույթներ և իհարկե՝ նաև իրականացված աշխատանք: Որովհետև իրականացված աշխատանքը տարիների ընթացքում՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, բավականին տպավորիչ է եղել»:

«Ազատության» հարցին՝ ՀՀԿ գործադիր մարմինը անդրադարձե՞լ է արդյոք ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների, հնարավոր կոալիցիայի թեմաներին, Հանրապետականի խոսնակը պատասխանեց․ - «Խորհրդարանական ընտրությունների հետ կապված, կոալիցիաների հետ կապված որևէ հարց չենք քննարկել՝ հաշվի առնելով մեկ հանգամանք․ քանի դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական գնահատական չի տվել և չի ամփոփել վերջնական արդյունքները ընտրությունների, մենք կոռեկտ չենք համարում հիմա խոսել դրա մասին: Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական արդյունքներով հանդես կգա, և արդեն կլինեն տվյալները վերջնական, դրանից հետո արդեն, միգուցե մյուս շաբաթվա ընթացքում, կուսակցությունը կքննարկի Ազգային ժողովում ընտրությունների հետևանքով առաջացած քաղաքական զարգացումների թեման»:

«Բայց կոալիցիա լինելու է», - «Ազատության» այս դիտարկմանն էլ Շարմազանովն արձագանքեց․ - «Կքննարկենք, կտեսնենք»:

Երևանի ավագանու ընտրությունները, հիշեցնենք, նշանակված են մայիսի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG