Մատչելիության հղումներ

Տաշքենդում հանդիպում են ԱՊՀ ԱԳ նախարարները


ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կայացած նիստի մասնակիցները
ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կայացած նիստի մասնակիցները

Տարվա ընթացքում կհանդիպեն նաև ԱՊՀ վարչապետերը և նախագահները:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի երկօրյա նիստին:

Այս տարվա ընթացքում Անկախ պետությունների համագործակցությունում նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան դեռ մարտի վերջին տեղեկացրել է, որ նախարարները Տաշքենդում կքննարկեն միջպետական համագործակցության բոլոր ոլորտները:

ԱՊՀ Արտգործնախարարների խորհուրդը կառույցի հիմնական գործադիր մարմինն է, որը կարգավորում է անդամ երկրների համագործակցությունն արտաքին քաղաքականության ասպարեզում:

Զախարովայի փոխանցմամբ, տաշքենդյան հավաքը տարվա ամենակարևոր միջոցառումներից է: Բացի այդ, նախատեսված է կարևոր ևս երկու հավաք:

«Կազանում մայիսի 26-ին տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների վարչապետերի խորհրդի նիստը, իսկ սեպտեմբերին Մոսկվայում նախատեսված է ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովը»,- տեղեկացրել է Զախարովան:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո պատասխանատուն ասել է, որ նախարարները մտադիր են հանդես գալ համատեղ հայտարարությամբ:

«Նախարարները կհայտարարեն քրիստոնյաների, մահմեդականների և այլ դավանանքների հետևորդների նկատմամբ խտրականության անթույլատրելիության մասին», - ասել է Զախարովան:

Տաշքենդում կայանալիք երկօրյա նիստի օրակարգում ընդհանուր հաշվով 16 խնդիր է: Նախարարները մտքեր կփոխանակեն միջազգային ասպարեզում առկա առավել հրատապ զարգացումների շուրջ:

Նշենք, որ Տաշքենդում այսօր գումարվող հավաքին Ադրբեջանը ներկայացնելու է ոչ թե նախարար Էլմար Մամեդյարովը, այլ նրա տեղակալը՝ Խալաֆ Խալաֆովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG