Մատչելիության հղումներ

Տիգրան Արզաքանցյանը ՀՀԿ-ից նեղացած չէ, բայց հիասթափված է գավառցիներից


Նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյան, Երևան, 6-ը ապրիլի, 2017 թ․
Նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյան, Երևան, 6-ը ապրիլի, 2017 թ․

Ընտրության արդյունքներից հիասթափված Արզաքանցյանն այժմ գրիչն է ձեռքը վերցնել: «Իմ կյանքի մասին գրեմ, որ երեխաներս, թոռնիկներս իմանան՝ իրենց պապիկը, իրենց հայրն ինչ աշխատանքներ ա կատարել ժամանակին»,- ասում է նախկին պատգամավորը, հավաստիացնելով, որ գիրքն անձամբ է գրելու:

Գեղարքունիքում ՀՀԿ-ի 11 տարածքային թեկնածուների մեջ 6-րդ արդյունքը գրանցած՝ խորհրդարանի երկու գումարումների պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն իշխող Հանրապետականից նեղացած չէ, բայց հիասթափված է գավառցիներից: Ասում է՝ անգամ չեն էլ ճանաչում, ում են ընտրել: «Ես իմ ազատ կյանքը թողել էի, էկել էի իրանց հանձնվում էի, որպես ծառա, ուզում էի ծառայեի իմ տարածաշրջանին, իմ ժողովրդին»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արզաքանցյանը:

Հանրապետականներից ամենաշատ ձայներ ընտրական այդ տարածքում ստացել են ՕԵԿ-ական նախկին պատգամավոր, այժմ հանրապետական Կարեն Բոթոյանն ու Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: «Մենակ հիասթափություն ա տվել էն, որ հենց մեր Գավառի ժողովուրդը, որ 16 տարի ես իրանց կողքին եմ եղել: Իմ հիմնադրամի գործադիր տնօրենը, որն իմ մայրն է, ինքը ջանք չի խնայել, ամեն ինչ արել է իմ ցանկությամբ, իրա սրտով, մեր ժողովրդի համար: Ամեն սեպտեմբերի 1-ը, ամեն ավանդական տոները: Քյավառում ոչ մեկ ոչ մի անգամ հրավառություն չէր տեսել, ես քաղաքի տոն եմ նշել:

Միշտ մարտի 8-ը, ուսուցչուհու տոնը, մեր հաղթանակի տոնը, մայիսի 9-ը, Անկախության օրը, մեր բանակի օրը, ամեն ինչ, ո՞ր մեկն ասեմ: Ես դրա մասին ոչ էլ կխոսեի, ուղղակի ասում եմ ու ուզում եմ հասկանամ, չի մտնում մինչև հիմա գլխիս մեջ, որ հասկանամ՝ ինչի՞ց ելնելով են մարդիկ իրենց սենց ստոր ձև պահել»,- նեղսրտած ասում է Տիգրան Արզաքանցյանը:

Նրա խոսքով՝ ընտրություններում գումարն է դեր խաղացել․ «Ժողովուրդն ա ինձ խնդրել, որ մասնակցեմ, բայց մարդիկ նենց աղմկոց են հանել, որ Արզաքանցյանին ասեք, թող չնեղանա, մեզ իրանց մեքենաներով տարել են, բերել են, հասցրել են տեղ, ով որ գումարներ ա տվել՝ հետևել են իրանց աշխատանքներին, որ իրանց գումարը, իրանց ձայները չկորցնեն»:

Հարցին՝ ո՞վ է տվել այդ գումարները, Արզաքանցյանը պատասխանեց․ «Տարբեր կուսակցություններ, չեմ ուզում խորանամ: Ամենակարևորը, թե ստեղ ինչն ա ցավոտը, որ իսկապես իրանք վաղվա մասին չեն մտածում»: Հարցին էլ՝ ձեր կուսակիցները գումար չե՞ն բաժանել, արձագանքեց․ «Ես շատ բաներ լսել եմ, բայց ոչ մի բան չեմ տեսել: Ես չեմ կարա տենց բան ասեմ»: Դուք գումար չբաժանեցի՞ք, այս հարցին Արզաքանցյանը պատասխանեց․ «Ես ոչ մի անգամ էդ գործերի մեջ չեմ զբաղվել, էդ իմը չի: Ավելի լավ ա ես էդ գումարներով, հիմնադրամով աշխատանքներ կատարեմ, որ իմ արածը մնա»:

Ով ինչ անում է՝ իրեն է անում, շարունակում է «Ազատության» զրուցակիցը: Վերջին ընտրությունների արդյունքներով պատգամավոր չդարձած Արզաքանցյանն այլևս գիտի՝ ում օգնել․ «Ես ունեմ ցուցակներ, ովքեր մասնակցել են, ովքեր իսկապես մեզ հարազատ ձայներ են նվիրել: Ես դրա համար չեմ անում, ես ամեն ինչ անում եմ սրտանց, պռոստը ընենց մարդկանց պետք է․․․ որ գնահատում են ու իսկապես կարիք ունեն ու հասկանում են»:

Այսպես կոչված ռեյտինգային համակարգը Տիգրան Արզաքանցյանի սրտով չէ, կարծում է՝ այն փոխել է պետք․ «Փոխանակ մենք մրցենք ուրիշ խմբերի հետ, ստեղ մարդիկ կան՝ մրցում են իրանց խմբի թեկնածուների հետ: Ստեղ մենտալնոսծը ուրիշ ա, ուզում են դառնան չեմպիոն, ամեն մեկն իրանը ցույց տա»:

Ընտրության արդյունքներից հիասթափված Արզաքանցյանն այժմ գրիչն է ձեռքը վերցնել: «Իմ կյանքի մասին գրեմ, որ երեխաներս, թոռնիկներս իմանան իրենց պապիկը, իրենց հայրը ինչ աշխատանքներ ա կատարել ժամանակին, մանկուց, տարբեր երկրներում: Որ իրանք գոնե դրա փոքր մասը կատարեն, ես հպարտ լինեմ իրանցով»: Հարցին՝ գրողը հենց դու՞ք եք լինելու, Տիգրան Արազաքանցյանը պատասխանեց․ «Ես սիրում եմ՝ ես գրեմ, ես կարում եմ, ունակ եմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG