Մատչելիության հղումներ

Ապրիլի 6-ը հռչակվեց համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր


Ապրիլի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար:

«Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր:

Հոգեհանգստյան կարգին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, պաշտոնեությունը և բարեպաշտ հավատացյալներ, ինչպես նաև բռնադատված եկեղեցականների ժառանգներ և հարազատներ: Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը օրվա խորհրդի շուրջ իր պատգամն ուղղեց ներկաներին:

«Աղոթական ոգով կատարեցինք համայնավարական բռնապետության տարիներին նահատակված մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր սպասավորների հոգեհանգստյան արարողությունը: Մեր նահատակյալ հոգևորականների շարքում է նաև եկեղեցամարտ իշխանությունների կողմից բռնության ենթարկված ու սպանված Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը` դժվարին ժամանակներում հայոց հոգևոր կյանքի վերազարթոնքի համար անձնդիր ջանքեր ներդրած մեծանուն Հայրապետը, ում մահվան տարելիցն է այսօր:

Ոգեկոչման այս արարողությունը վերստին մեզ առիթ է ընծայում անդրադառնալու պատմության հոլովույթներում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կրած զրկանքներին ու փորձություններին, որոնց միջով անցնելիս մեր Մայր Եկեղեցին չի սասանվել, այլ հաստատուն քայլերով շարունակել է իր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում` շնորհիվ նվիրյալ սպասավորների կորովի ջանքերի ու սխրանքների»,- Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ասել է Վեհափառը:

«Ի հեճուկս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանության, հընթացս որի նահատակվեցին նաև բազում հոգևորականներ, ստալինյան բռնապետության հալածանքներից ու եղեռնագործություններից ևս չընկճվեց եկեղեցականաց դասի աննկուն ոգին` վերստին ապացուցելով Տիրոջ հետևորդների կամքի հզորությունը և հավատքի մեծագույն ուժը:

Այդ եկեղեցականների լուսավոր կերպարը և անձնազոհության դրսևորումը վառ օրինակ է և ուսանելի մեր ժամանակի հոգևորականաց համար` հայոց ազգային-եկեղեցական անդաստանում նույն նախանձախնդիր ոգով ու գովարժան հանձնառություններով առավել արդյունազարդելու նվիրյալ ծառայագործությունը, արգասավորելու մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությունը հայրենիքի և մեր ժողովրդի կյանքում»,- նաև նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG