Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը


Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանը լիագումար նիստում հավանություն տվեց Եվրամիության և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմի վերացմանը:

Բրյուսելից «Ազատության» թղթակից Ռիկարդ Յոզվիակը հաղորդում է, որ որոշմանը կողմ են քվեարկել 521 պատգամավոր, դեմ՝ 75-ը, ձեռնապահ՝ 36-ը: Եվրամիության դեսպանների քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 26-ին:

Ուկրաինայի նախագահը, վարչապետը, Գերագույն ռադայի նախագահը լուրը ստանալուն պես շնորհավորել են Ուկրաինայի ժողովրդին, շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանի պատգամավորներին: Գերագույն ռադայում օրենսդիրները գործընկերներին բաժանել են դեղին-երկնագույն ժապավեններ Եվրամիության շրջանաձև աստղերի դրոշով, լուսանկարվել, շնորհավորել միմյանց:

Պորոշենկոն լուրը ստացել է Կիևում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովում: Ընդհատելով նիստը՝ նա հայտարարել է՝ «հենց նոր իմացա՝ 521 ձայն Եվրախորհրդարանում Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի օգտին»:

Պորոշենկոն լրագրողներին հետ զրույցում ասել է, թե Եվրախորհրդարանի որոշումը դեռ չի նշանակում սահմանների բացում:

«Մենք դեռ սպասում ենք Եվրամիության Խորհրդի որոշմանը և ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի ոչ մեկը չխանգարի և չհետաձգի գործընթացը»,- ասել նա նշելով թե Եվրամիությունում ռուսամետ ուժերը փորձում են խանգարել Ուկրաինային ու Եվրախորհրդարանի վերջին քննարկումները դրա վկայությունն են: Պորոշենկոն նաև ասել է, թե Ֆրանսիայի նախագահական ընտրությունները այդ գործընթացի վրա բացասական հետևանք չեն ունենա:

Նշենք, որ Ուկրաինայի վիզայի ազատականացման հարցով քննարկումները տեղի էին ունեցել նախօրեին: Պատգամավորների մեծ մասը պաշտպանել էր Ուկրաինային, բայց եղել են նաև բացասական ելույթներ, պնդումներ, որ Ուկրաինան բավարար չի պայքարում կոռուպցիայի դեմ:

Հաջորդ քայլը Եվրամիության դեսպանների կողմից որոշման հաստատումն է, որն ակնկալվում է ապրիլի վերջին, և Եվրամիության խորհրդի վերջնական որոշումը, որից հետո Ուկրաինայի քաղաքացիները 90 օրով ազատորեն կարող են ճամփորդել Եվրամիության անդամ և շենգենյան գոտու երկրներում: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա հունիսի ընթացքում:

Վիզային ռեժիմի ազատականացումը աշխատանքի իրավունք չի տալիս, խոսքը միայն կենսաչափական անձնագրերով ազատորեն ճամփորդելու մասին է:

Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունները տարիներով շարունակվում էին, հարցը բազմիցս հետաձգվում էր: Վերջին շրջանում առաջընթաց արձանագրվեց այն բանից հետո, երբ կողմերը համաձայնության եկան, որ հարկ եղած դեպքում Եվրամիությունը կարող է սառեցնել այն:

Բոլորովին վերջերս՝ մարտի վերջին, Վրաստանի քաղաքացիների համար վերացվեց վիզային ռեժիմը, նրանք հիմա ազատորեն ճամփորդում են Եվրոպայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG