Մատչելիության հղումներ

«Ելք» դաշինքը բացառում է իր կապը Միքայել Մինասյանի հետ։ Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը։

«Ազատություն». - Խորհրդարանից դուրս մնացած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները երեկ հայտարարեցին, որ իրականում դուք ընդդիմություն չեք, ավելին՝ նրանք նշեցին, որ ձեր հետևում այլ անձինք կան, տվյալ դեպքում Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը։ Դրա շնորհիվ է, որ դուք հայտնվել եք խորհրդարանում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ընդհանրապես ինչո՞ւ է «Ելք» դաշինքի նկատմամբ նման գնահատական հնչեցվում, ինչո՞ւ է կասկածի տակ դրվում «Ելք» դաշինքի ընդդիմադիր լինելու հանգամանքը։

Մարուքյան. - «Ելք» դաշինքում երբեք չի քննարկվել խորհրդարան չանցած ուժերի մեղադրանքները, կարծում եմ, որ երբեք չի էլ քննարկվի։ «Ելք» դաշինքը Հայաստանում խորհրդարանական երրորդ՝ ամենամեծ ուժն է և անլուրջ քննարկումներ դաշինքում մենք չենք անում, հայտարարություններին էլ, ազնվորեն եմ ասում, չենք հետևում։ Մենք հիմա զբաղված ենք Երևան քաղաքի ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով։ Բոլորին մաղթում ենք առողջություն, հաջողություններ իրենց նորանոր նախաձեռնություններում։

«Ազատություն». - Ձեր կարծիքով ինչո՞ւ է փորձ արվում կապել «Ելք» դաշինքի անունը կոնկրետ Միքայել Մինասյանի հետ։

Մարուքյան. - Ես չգիտեմ՝ ով է կապում, ես նման տեղեկություն չունեմ, և նման բան չա՝ ո՛չ իրականության մեջ, ո՛չ հիպոթետիկ, ո՛չ էլ կարող է լինել։

«Ազատություն». - Դուք ծանոթացե՞լ եք պարոն Մինասյանի հայտարարությանը։

Մարուքյան. - Չէ, չեմ ծանոթացել, բայց իմացել եմ, որ ինչ-որ նամակ կա հրապարակված։

«Ազատություն». - Այո, բաց նամակով է նա հանդես եկել՝ կոչ անելով իր անունը չշոշափել «անիմաստ բանավեճում»։

Մարուքյան. - Ես կրկնում եմ՝ մենք որևէ մեկի անունը ո՛չ շոշափում ենք, ո՛չ դրա ժամանակը ունենք, մենք քաղաքական լուրջ գործընթացների մեջ ենք հենց հիմա, անլուրջ բաներով չենք զբաղվում: Այն, ինչ-որ խոսվում է, այն, ինչ-որ ասում են, մեղադրում են, ասուլիսներ են անում, դրանք լուրջ չեն, և դաշինքը չի պատրաստվում քննարկել այդ հարցերը։ Ես կամաչեմ, որ դաշինքի նիստում այդ հարցը դնեմ, ասեմ՝ «երեկ քննարկենք»՝ Արամ Զավենի Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին կամ դաշինքի մյուս ներկայացուցիչներին։

«Ազատություն». - Պարզապես Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում էր Միքայել Մինասյանի անունը կապել Արմեն Մարտիրոսյանի, ՕՐՕ դաշինքի հետ։

Մարուքյան. - Չգիտեմ դա հարցրեք Նիկոլ Փաշինյանին։

«Ազատություն». - Դուք անընդունելի և սխալ եք համարո՞ւմ, երբ որ ինչ-որ անձանց անուններ կապվում է քաղաքական ուժերի հետ, տվյալ դեպքում դեսպանի։

Մարուքյան. - Դա Հայաստանի Հանրապետությունում կեղտոտ քաղաքական մշակույթի մաս է, «Ելք» դաշինքը նոր քաղաքական սերնդի ուժերից ձևավորված միություն է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ կեղտոտ մշակույթը դուրս գա շրջանառությունից։ Ում ուզում են վարկաբեկել, կապում են իշխանությունների հետ։ Դա արդեն 25 տարվա վաղեմություն ունի և այդ մեթոդաբանության վրա թոզ է նստել։ Մենք այդ գծի մեջ չկանք։

«Ազատություն». - Եվ նաև բացառո՞ւմ ենք ձեր կապը Միքայել Մինասյանի հետ՝ որևէ ձևով։

Մարուքյան. - Բացառում եմ մեր կապը իշխանության որևէ ներկայացուցիչ հետ, այդ թվում՝ նաև Միքայել Մինասյանի։

«Ազատություն». - Բայց Դուք նրան անձնապես ճանաչո՞ւմ եք։

Մարուքյան. - Ոչ, որտեղի՞ց պետք է ճանաչեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG