Մատչելիության հղումներ

Ձերբակալություններ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության քննության շրջանակներում


Տարեց կինը ծաղիկներ է դրել, ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի
Տարեց կինը ծաղիկներ է դրել, ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի

«Ինտերֆաքս»-ին հաջողվել է պարզել, որ քննչական խմբի հիմնական վարկածներից մեկի համաձայն, պայթյունի անմիջական հեղինակ Աքբարժոն Ջալիլովը նույնիսկ տեղյակ չի եղել, որ գործողության ընթացքում զոհվելու է:

Երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունից հետո ռուսաստանյան հատուկ ծառայությունները շարունակում են ակտիվ հակաահաբեկչական գործողությունները` փորձելով գտնել հարձակումը կազմակերպած իսլամիստական ընդհատակյա կառույցի անդամներին:

Այսօր առավոտյան ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կարծես թե առաջին հաջողությունն են արձանագրել: Պետերբուրգի արվարձաններից մեկում գտնվող բազմաբնակարան շենքում նրանց հաջողվել է պայթուցիկ սարք վնասազերծել` զուգահեռաբար նաև ձերբակալություններ իրականացնելով: Ականատեսների վկայությամբ՝ հատուկ գործողության ընթացքում շենքի բոլոր բնակիչները տարհանվել են, իսկ հարակից փողոցները` արգելափակվել ոստիկանության կողմից:

«Մեզ տարհանեցին մոտավորապես առավոտյան 7-ին: Ասացին, որ [շենքը] ականապատված է և ականազերծման աշխատանքներ են իրականացվելու: Բոլոր մեքենաները բակից հեռացրեցին և ասացին՝ սպասեք: Մի որոշ ժամանակ անց ինչ-որ տարօրինակ քաղաքացիների դուրս բերեցին և նստեցրին մեքենան»,- ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերում պատմել է տարհանված շենքի բնակիչներից մեկը: Լրագրողուհու հարցին՝ ին՞չ տեսք ունեին ձերբակալվածները, պետերբուրգցի տղամարդը պատասխանում է` «ոչ սլավոնական արտաքինով էին»:

Հատուկ գործողության մեկնարկից մի քանի ժամ անց «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով անվտանգության ծառայությունների անանուն աղբյուրները, տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգում այսօր առավոտյան ձերբակալավածները երեքն են: «Իրավապահները փորձում են պարզել նրանց կապերը մետրոպոլիտենի պայթյունի հեղինակ Աքբարժոն Ջալիլովի հետ: Խուզարկության ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել են պայթուցիկ սարքի որոշ մասնիկներ, որոնք նույնական են մետրոյում կիրառված ռումբի հետ»,- նշել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը:

Բացի այդ, Ռուսաստանի հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ ձերբակալվածները միջինասիական հանրապետություններից մեկի քաղաքացիներ են, որոնք շփվել են Ջալիլովի հետ: «Խուզարկության ընթացքում բնակարանում, որտեղ ապրում էին այդ մարդիկ, հայտնաբերվել են մի շարք իրեր, որոնք նախաքննության համար լուրջ նշանակություն ունեն»,- հաղորդել է ՀՔ ծառայությունը: Ի դեպ, Սանկտ Պետերբուրգի այն շրջանը, որտեղ այսօր ծավալվել էր հակաահաբեկչական գործողությունը, հայտնի է ներգաղթյալների, մասնավորաբար, միջինասիացիների առատությամբ:

Ռուսաստանյան լրատվամիջոցներն այսօր որոշ այլ մանրամասներ էլ են հաղորդել Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետաքննության ընթացքի վերաբերյալ: Այսպես․ «Ինտերֆաքս»-ին հաջողվել է պարզել, որ քննչական խմբի հիմնական վարկածներից մեկի համաձայն, պայթյունի անմիջական հեղինակ Աքբարժոն Ջալիլովը նույնիսկ տեղյակ չի եղել, որ գործողության ընթացքում զոհվելու է:

«Ջալիլովն, ըստ ամենայնի, պետք է երկու պայթուցիկ սարքերը թողներ մետրոյում և հեռանար: Դա էր վկայում նրա պահվածքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա ծայրահեղական իսլամիզմի կողմնակից էր դարձել համեմատաբար վերջերս, ինչը բնորոշ չէ ինքնասպան ահաբեկիչներին: Նրանց նախապատրաստելու համար շատ ավելի երկար ժամանակ է պահանջվում»,- գրում է «Ինտերֆաքս»-ը` հավելելով, որ քննիչները չեն բացառում, որ ահաբեկչության կազմակերպիչները կարող էին պարզապես 22-ամյա Ջալիլովին տեղյակ չպահել, որ նրան ինքնասպան ահաբեկչի դերակատարություն է վերապահված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG