Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների առնչությամբ։
«Անդրադառնալով ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակները ապրիլի 4-ին Կենտրոնական ընտրական հանձնժողովի կողմից հրապարակելուց հետո այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումներին՝ պարզաբանում ենք, որ այլ անձի փոխարեն կամ մեկից ավելի անգամ քվեարկելը հանցագործություն է, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Միաժամանակ, հանցագործություն է նաև այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը՝ նախատեսված Քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածով», - ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունը նշում է, որ քաղաքացու սահմանադրական իրավունքների անշեղ պաշտպանության, հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման և, միաժամանակ, հանրությանը բացառապես օբյեկտիվ և ստուգված տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվել է՝ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 16-րդ կետով նախատեսված սուբյեկտների կողմից՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով ներկայացված համապատասխան դիմումները, անկախ դրանց քննարկման արդյունքներից, ուղարկել Գլխավոր դատախազություն:
«Միաժամանակ, հորդորում ենք բոլոր այն անձանց, ում հայտնի են դարձել այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ՝ ներկայանալ իրավապահ մարմիններ և Քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված կարգով այդ հանցագործության մասին հաղորդում տալ՝ նախազգուշացվելով սուտ մատնության վերաբերյալ քրեական պատասխանատվության մասին: Վստահեցնում ենք, որ վերը նշված օրենքով սահմանված կարգով ներկայացված յուրաքանչյուր հաղորդում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա կդառնա», - ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը երեկ հայտարարեց, որ ապրիլի 2-ին ուրիշի փոխարեն քվեարկության հարյուրավոր դեպքեր են եղել: «Մենք համադրել ենք «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կայքում նախապես գրանցված 10 հազար քաղաքացու տվյալներ, ովքեր հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Համադրել ենք 2009 տեղամասից միայն մոտ հարյուր տեղամասի տեղեկանքների տվյալների հետ և բացահայտել ենք, որ նախապես քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարություն տված տասը հազար հոգուց 800-ի փոխարեն քվեարկություն է կատարված», - երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացի դիտորդ»-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: