Մատչելիության հղումներ

YouTube վիդեոհարթակը պաշտոնապես հայտարարել է ավանդական հեռուստաալիքները վերահեռարձակելու ծառայության մեկնարկը Միացյալ Նահանգների մի շարք խոշորագույն քաղաքներում՝ Նյու Յորք, Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածք, Չիկագո և Ֆիլադելֆիա:

«Մենք սիրում ենք հեռուստատեսությունը, մենք սիրում ենք սերիալներ, ուղիղ հեռարձակումներ սպորտային իրադարձություններից: Բայց չնայած այն բովանդակությունը, որ մենք դիտում ենք հեռուստատեսությամբ, տարեցտարի ավելի որակյալ է դառնում, այն դիտելու եղանակը կարծես ոչ մի փոփոխություն չի կրում: Դեռ ինչքա՞ն պիտի սպասենք, որպեսզի կարողանանք հեռուստատեսային հեռարձակումները դիտել մեր բոլոր շարժական սարքերի վրա: Ե՞րբ ենք վերջապես ունենալու տեսաձայնագրող սարքեր, որոնք բավական մեծ տարողություն կունենան, որպեսզի կարողանան տեղավորել այն բոլոր հաղորդումները, որ մենք կցանկանայինք տեսագրել: Եվ ե՞րբ ենք հնարավորություն ունենալու ստանալ այն ալիքները, որոնք մեզ հարկավոր են՝ մատչելի գնով և առանց հավելյալ պարտավորությունների, սարքավորումների և գլխացավանքների», - կարդում ենք YouTube-ի պաշտոնական բլոգում և անմիջապես էլ ստանում պատասխան՝ այդ օրն այսօր է․ - «Վերջապես՝ հեռարձակվող հեռուստատեսություն հատուկ մեզ համար: YouTube TV-ն ժամանել է»:

YouTube-ի բլոգը նաև տեղեկացնում է, որ նոր ծառայությունը կարժենա ընդամենը 35 դոլար, ինչը ավելի քան կրկնակի պակաս է ԱՄՆ-ում կաբելային հեռուստատեսության միջին արժեքից: Ծառայությունը, մասնավորապես, ներառում է ուղիղ հեռարձակում՝ ABC, CBS, FOX, NBC, ESPN, Fox Sports Networks, Comcast SportsNet և տասնյակ այլ հեռուստաալիքներ, բոլոր հաղորդումների անսահմանափակ տեսաձայնագրում, ընդ որում՝ տեսագրված նյութերը կարելի է պահել մինչև 9 ամիս, վերոհիշյալ ալիքների դիտման հնարավորություն հեռուստացույցով, հեռախոսով, պլանշետով և համակարգիչով: YouTube-ը խոստանում է առաջիկայում ներառել մի շարք այլ հեռուստաալիքներ, այդ թվում՝ BBC, IFC, AMC և ուրիշներ:

Ծառայությունը Հայաստանում հասանելի չէ, իսկ ԱՄՆ-ում նշված քաղաքների բնակիչները կարող են գրանցվել այստեղ:

XS
SM
MD
LG