Ռուսաստանցիների շուրջ 38 տոկոսն աջակցում է կոռուպցիայի դեմ երկրում տեղի ունեցող ցույցերը։ «Լևադա» կենտրոնի կատարած ուսումնասիրության այսօր հրապարակված արդյունքների համաձայն, հարցվածների 35 տոկոսը կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակն է մարդկանց ստիպել՝ դուրս գալ ցույցերի։ 24 տոկոսն էլ համարում է, որ բողոքի ակցիաներին մասնակցելու համար մարդկանց պարզապես վճարել են։
Ընդ որում՝ ռուսաստանցիների 38 տոկոսն ասել է, որ կամ դիտել է վարչապետ Մեդվեդևին կոռուպցիայի մեջ մեղադրող Նավալնիի աղմկահարույց ֆիլմը, կամ լսել է դրա մասին: Հարցավածների 16 տոկոսը համարում է, որ ֆիլմում ներակայացված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում, մինչդեռ, գերակշիռ մասի կարծիքով դրանում ներկայացված տեղեկությունները կամ ճշմարիտ են, կամ առնվազն մոտ են ճշմարտությանը:
Մարտի 26-ին Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբերգում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ բողոքի բազմամարդ ակցիաներ, որոնք կազմակերպել էր ընդդիմադիր գոծիչ Ալեքսեյ Նավալնին: Ավելի վաղ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Նավալնին համացանցում «Նա ձեզ համար Դիմոնը չէ» խորագրով ֆիլմ էր տեղադրել, որում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կոռուպցիոն հանցագործությունների մասին բազմաթիվ փաստեր են ներկայացված: Ըստ այդմ, Ռուսաստանի վարչապետին են պատկանում շքեղ առանձնատներ ու խաղողի այգիներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում: Ընդ որում՝ բողոքողներին զայրացրել են ոչ միայն ֆիլմում հնչող մեղադրանքները, այլև իշխանությունների կողմից արձագանքի բացակայությունը:
Ինքը՝ Դմիտրի Մեդվեդևը միայն երկու օր առաջ է մեկնաբանել իրեն հասցեագրված մեղադրանքները։ «Ֆիլմում ներկայացված տեղեկություններն անհեթեթություն են, ինչ-որ «կոմպոտ», այն նկարահանելու համար հսկայական գումարներ են ծախսվել, և այդ գումարները ժողովուրդը չի հավավել, այլ ինչ-ինչ հետաքրքրություններ ուենցող անձնավորություններ»,- ասել է ՌԴ վարչապետը:
Մինչ ռուսաստանցիները համապատասխան կառույցներից պահանջում են ուսումնասիրել հրապարակված մեղադրանքները, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երեկ հայտարարել է, թե դեմ է Նավալնիի ֆիլմում ներակայացված տեղեկությունները ստուգելու՝ կումունիստների առաջարկին։ Վոլոդինի խոսքով, պետք չէ աջակցել Նավալնիին, ով «սուտ տեղեկություններ է տարածում»։
Երեկ «Լևադա» կենտրոնը հրապարակել է նաև Մեդվեդևի վարկանիշի վերաբերյալ վերջին հարցման արդյունքները, որի համաձայն, վերջին ամսում այն 10 տոկոսով նվազել է։ Հարցումն անցկացվել է մարտի 31-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածի կտվածքով, Նավալնիի ֆիլմը համացանցում էր հայտնվել մարտի 2-ին։ Այսինքն՝ Մեվեդևի վարկանիշի վրա ֆիլմը, որը դիտել է շուրջ 17 միլիոն մարդ, ակնհայտորեն ազդեցություն է ունեցել:
Այսօր Մեդվեդևի գործենությունը դրական է գնահատում հարցված ռուսաստանցիների 42 տոկոսը, մինչդեռ, փետրվարին նրան աջակցում էր ռուսաստանցիների շուրջ 52 տոկոսը։ Նման համամասնություն է նկատվում նաև չաջակցողների պարագայում․ Մեդվեդևին այսօր չի աջակցում ռուսաստանցիների 57 տոկոսը, այս ցուցանիշը փետրվարի համեմատ 10 տոկոսով աճել է:
«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն, Պետդումայի գործունեությանն այսօր աջակցում է ռուսաստանցիների միայն 38 տոկոսը։ Սակայն, չնայած հանգամանքին, որ կառավարության ղեկավարի և Պետդումայի վարկանիշները բավական նվազել են, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը մնում է բարձր՝ այսօր, ըստ «Լևադայի», նրան աջակցում է ռուսաստանցիների շուրջ 82 տոկոսը։