Մատչելիության հղումներ

Հայաստանի բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ. վարչապետ


Հայաստանի բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

«97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով։ Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ եմ համարում հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես՝ ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն արդեն ստացել էր համապատասխան հանձնարարական, սակայն հարկ է նշել, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումները սերտորեն կապված են նաև միջպետական, հանրապետական նշանակության և համայնքային ճանապարհների տեխնիկական վիճակի հետ: Տվյալ խնդրի շուրջ ունեցել ենք քննարկումներ, բայց կարծում եմ՝ ժամանակն է սահմանել խնդրի լուծման հստակ վերջնաժամկետները», - ասել է վարչապետը։

Գործադիրի ղեկավարը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է 3-շաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության և մարզերի համար նախատեսված ուղևորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ, որի պարագայում կլուծվի նշված 97 բնակավայրերի՝ ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը:

Հանձնարարվել է 3-շաբաթյա ժամկետում ակտիվացնել միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պետբյուջեից և վարկային ծրագրերով ֆինանսավորվող շինարարական և վերականգնողական աշխատանքները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2017թ. նախատեսված աշխատանքների վերաբերյալ:

1-ամսյա ժամկետում կմշակվի և կառավարության աշխատակազմ կներկայացվի «ՀՀ ճանապարհների շինարարության և պահպանման» հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը: Առաջարկություն կներկայացվի նաև նշված հատուկ հիմնադրամը ֆինանսական ռեսուրսների ապահովման և հնարավոր աղբյուրների վերաբերյալ:

«Մենք պետք է միջպետական 1800 կմ, հանրապետական 1900 կմ, համայնքային 3800 ճանապարհների հստակ ռանգավորում ունենանք, յուրաքանչյուրի գնահատականը տանք: Պետք է ունենանք յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ համապատասխան էլեկտրոնային տեղեկատվություն: Երկրորդ՝ բոլոր վերանորոգման, շինարարական աշխատանքները կազմակերպելու ժամանակ քննարկեն տարբերակ, որ շինարարներին մենք պատվիրակելու ենք ճանապարհի հսկողությունն ու շահագործումը, որպեսզի իմանան, որ հետագայում առաջացած խնդիրներն իրենք են լուծելու: Այդ ամենը պետք է անել առավելագույնս բաց ու թափանցիկ», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է տրանսպորտային ցանցը բաժանել լոտերի՝ ըստ շահութաբերության, որպեսզի պոտենցիալ ներդրողը հասկանա իր գործողությունը, բիզնեսի երկարատևությունը, պայմանը:

«Պետք է խաղի կանոնները սահմանել սկզբունքային, ռադիկալ և երկարատև: Ձեզանից շատ արագ լուծումներ եմ սպասում», - նշել է վարչապետը՝ դիմելով տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG