Մատչելիության հղումներ

Ռեքս Թիլերսոնը Մոսկվա կժամանի ապրիլի 11-ին. ԱՄՆ Պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության, Ռեքս Թիլերսոնը պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի ապրիլի 11-ին՝ Մեծ յոթնյակի նախարարների գագաթնաժողովից հետո։ Գագաթնաժողովը, հիշեցնենք, նախատեսված է ապրիլի 9-11ը՝ իտալական Լուկկա քաղաքում։

Սա ոչ միայն Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղարի, այլև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Մոսկվա։

Ըստ պաշտոնական աղբյուրների, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը քննարկելու են իրավիճակը Ուկրաինայում, ահաբեկչության դեմ պայքարը և երկկողմ հարաբերությունները։

«Այս այցը ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ուղղակի շփումները պահպանելու մեր ջանքերի մի մասն է, որպեսզի հստակ տեղ հասցնենք ԱՄՆ դիրքորոշումը մի շարք հարցերի, այդ թվում՝ մինսկյան համաձայնությունների հետագա քայլերի վերաբերյալ», - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները։

Ռուսաստանի արտգործնախարարությունը չորեքշաբթի օրը հրապարակած հայտարարությունում իր հերթին նշել է, որ ուկրաինական հարցն անուշադրության չի մատնվի՝ «Կիևի կողմից մինսկյան համաձայնություններով ստանձնած պարտավորությունների կատարման շեշտադրմամբ»։

Ռուսական կողմի փոխանցմամբ, Թիլերսոնն ու Լավրովը քննարկելու են նաև սիրիական, պաղեստինյան, աֆղանական և մի շարք այլ հակամարտություններ։

Թիլերսոնը Մոսկվա կմեկնի մի ժամանակաշրջանում, երբ ամերիկյան պատկան ծառայությունները հետաքննում են նախագահական ընտրարշավի ամիսներին ռուսական հաքերային գրոհների, ինչպես նաև Թրամփի թիմակիցների և ռուս պաշտոնյաների հանդիպումների հանգամանքները:

Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում գովեստով է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին և հավաստիացրել, որ հաղթանակի դեպքում հստակ քայլեր կձեռնարկի Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Չնայած դրան՝ երկու առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգի, ժամկետի կամ վայրի մասին որևէ հստակ պայմանավորվածություն չկա, իսկ պետքարտուղար Թիլերսոնը և ԱՄՆ նոր վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ արդեն հրապարակավ կոշտ հայտարարություններ են արել Կրեմլի հասցեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG