Մատչելիության հղումներ

Ըստ վրաստանցիների 12 տոկոսի, երկրի առանցքային արտաքին քաղաքական գործընկերներից մեկը Հայաստանն է


Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից, արխիվ
Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից, արխիվ

Վրաստանի բնակիչների 12 տոկոսի համոզմամբ, երկրի առանցքային արտաքին քաղաքական գործընկերներից մեկը Հայաստանն է։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով փետրվարի վերջին և մարտի սկզբին անցկացված հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվեցին Թբիլիսիում օրերս:

Վրացիների շրջանում համակրանքի ցուցանիշով, սակայն, Հայաստանը զիջում է իր բոլոր հարևաններին, բացառությամբ՝ Իրանի:

Թուրքիան երկրի առանցքային գործընկերներից մեկն է համարում Վրաստանի բնակչության 14, իսկ Ադրբեջանը՝ 29 տոկոսը:

Ուշագրավ է, որ Ռուսաստանը երկրի կարևոր գործընկերների թվին է դասել հարցված վրացիների 16 տոկոսը: Դրա հետ մեկտեղ, Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը շարունակում է Ռուսաստանը որպես քաղաքական սպառնալիք ընկալել: Այս տեսակետին է հակված հարցվածների 73 տոկոսը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն, Հայաստանը որպես քաղաքական սպառնալիք է ընկալում հարցված վրացիների 3, իսկ որպես տնտեսական սպառնալիք` 2 տոկոսը: Թուրքիան որպես քաղաքական սպառնալիք է ընկալում հարցման մասնակիցների 6 տոկոսը միայն:

Ադրբեջանի հանդեպ Վրաստանում տիրող տրամադրությունները թերևս ամենադրականն են: Բաքվի վարած քաղաքականությունը որպես սպառնալիք է ընկալում հարցված վրացիների մոտ կես տոկոսը: Ադրբեջանական բիզնեսի գործունեությունը Վրաստանի տարածքում որպես տնտեսական սպառնալիք ընկալում է հարցվածների 1 տոկոսը միայն:

Վրաստանի բնակիչների համոզմամբ, սակայն, երկրի կարևորագույն գործընկերները արևմուտքում են: Հարցվածների 42 տոկոսը երկրի թիվ մեկ գործընկեր է անվանել Եվրամիությանը, 33 տոկոսը` Միացյալ Նահանգներին:

Միջազգային հանրապետական ինստիտուտի մասնագետները նաև փորձել են պարզել Վրաստանի բնակիչների տեսակետը Հայաստանին վերաբերող մեկ այլ հարցի` Հայաստան ռուսական գազի տարանցիկ արտահանման շուրջ Թբիլիսիի և «Գազպրոմ»-ի միջև կնքված պայմանագրի մասին:

Հիշեցնենք, ձմռանը կնքված այդ համաձայնագրով Վրաստանը Հայաստան արտահանվող գազի 10 տոկոսի փոխարեն որպես տարանցման վճար սկսեց գումար ստանալ «Գազպրոմ»-ից: Վրացական ընդդիմության ներկայացուցիչները դա զիջում որակեցին` պնդելով, որ գործարքը հակասում է երկրի ազգային շահերին: Հետազոտության արդյունքներից պարզ է դառնում, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը ևս` 58 տոկոսը, «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագիրը Թբիլիսիի շահերին հակասող է համարում: Համաձայնագիրը դրական է գնահատում հարցման մասնակիցների միայն 11 տոկոսը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով անցկացված հետազոտությունից նաև պարզ է դառնում, որ Վրաստանի բնակչության շրջանում արևմտամետ տրամադրությունները շարունակում են գերակշռել: Հարցման համաձայն՝ վրացիների 90 տոկոսը ցանկանում է, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ: Հարցված վրացիների 82 տոկոսն էլ կողմ է, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG