Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին ընդառաջ կայացան հերթական հեռուստադեբատները


ֆրանսիական մամուլի տեղեկություններով, երեքշաբթի երեկոյան կայացած դեբատները դիտել է ավելի քան 6 միլիոն ֆրանսիացի հեռուստադիտող

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլից մոտ 20 օր առաջ 11 թեկնածուները կրկին հանդիպեցին ուղիղ հեռուստաեթերում` երեք ժամ շարունակ քննարկելով երկրի առջև ծառացած հիմնախնդիրները:

Փարիզյան BFM TV հեռուստաընկերության կազմակերպած դեբատների գլխավոր հերոսներն ընտրարշավի առաջատարներն էին` ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը և կենտրոնամետ Էմանուել Մակրոնը: Լե Պենին հասցեագրվող գլխավոր մեղադրանքն այլազգիների նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելն էր:

«Ազգայնականությունը հանգեցնում է պատերազմի: Ես սերում եմ մի տարածաշրջանից, որտեղ բազմաթիվ [զինվորական] գերեզմանոցներ կան: Ես որևէ ցանկություն չունեմ, որ այդ պատմությունը կրկնվի: Մի մոռացեք մեր երկրի անցած ուղին: Ցավում եմ, բայց դուք այնպիսի ստեր եք տարածում, որ մենք լսել ենք 40 տարի շարունակ` առաջին անգամ դեռ ձեր հոր շուրթերից»,- դիմելով ազգայնական թեկնածուին, հայտարարել է Էմանուել Մակրոնը:

Մարին Լե Պենը հակադարձել է՝ ինքը ոչ թե ազգայնական է, այլ ավանդապաշտ․ «Ֆրանսիացի ժողովուրդը հավատարիմ է իր ավանդույթներին: Մեր ժողովուրդը ցանկանում է նույն կերպ շարունակել»: «Ֆրանսիացիների 60 տոկոսը նույնիսկ հավատացյալ չէ, պետք չէ մեր վզին փաթաթել մի ապրելակերպ, որը մեզ հետ որևէ առնչություն չունի»,- Լե Պենին այսպես է հակադարձել ձախ ուժերի, այդ թվում՝ կոմունիստների աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:

Էմանուել Մակրոնի կողմից Մարին Լե Պենին հասցված մյուս ծանր հարվածը տնտեսության ոլորտից էր: Հիշեցնեմ՝ ազգայնականների առաջնորդը խոստանում է Ելիսեյան պալատ տեղափոխվելու դեպքում Ֆրասնսիան դուրս բերել եվրոյի գոտուց:

«Եկեք պարզապես տեսնենք, թե մեր ֆերմերներն իրենց արտադրանքը հիմնականում որ շուկաներ են արտահանում: Ֆրանսիայում արտադրված կաթի 40 տոկոսն արտահանվում է եվրոպական մյուս երկրներ: Ֆրանսիական միրգն ու բանջարեղենը ևս հիմնականում Եվրոպայի տարածքում են սպառվում: Այնպես որ՝ գնացեք և տնտեսության այդ սեկտորներում ներգրավված ձեր համաքաղաքացիներին բացատրեք, թե ինչպես եք պատրաստվում փակել երկրի սահմանները»,- հայտարարել է Մակրոնը:

Երեկ կայացած դեբատների ընթացքում քննադատության արժանացած մյուս թեկնածուն աջ հանրապետականների կողմից առաջադրված նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն էր: Նրա անվան շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի մասին խոսեց այս դեբատների հայտնությունը համարվող՝ «Նոր հակակապիտալիստական կուսակցության» հիմնադիր, Ford ավտոգործարանի բանվոր և արհմիութենական ակտիվիստ Ֆիլիպ Պուտուն:

«Ֆիյոնի դեպքում տեսեք, թե ինչ է կատարվում` մի սկանդալը հաջորդում է մյուսին: Որքան ավելի խորն ես փորում, այնքան ավելի թանձր է դառնում կոռուպցիայի և խաբեության հոտը: Այս մարդիկ մի կողմից անօրինականորեն օգտվում են հանրային միջոցներից, մյուս կողմից էլ մեզ կոչ են անում կարգապահ լինել, պետական ծախսերի կրճատման մասին են խոսում: Դա է հիմնական խնդիրը»,- հայտարարել է Պուտուն:

Ֆիյոնը սակայն բավական զուսպ է հակադարձել իր հասցեին հնչող քննադատությանը` նշելով, որ ի վիճակի կլինի ապացուցել իր անմեղությունը: «Ես ոչ միայն որևէ սխալ չեմ գործել, այլև հրաժարվում եմ պատասխանել այս թեմային վերաբերող բոլոր հարցերին, որոնց հեղինակները, մասնավորաբար, այն լրագորղներն են, ովքեր արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ փորձում են լռեցնել ինձ, փորձում են դուրս մղել ինձ այս ընտրարշավից: Ինձ հնարավոր չէ վախեցնել, իսկ վերջնական վճիռը, մոտ երեք շաբաթից, կայացնելու է ֆրանսիացի ժողովուրդը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետը:

ֆրանսիական մամուլի տեղեկություններով, երեքշաբթի երեկոյան կայացած դեբատները դիտել է ավելի քան 6 միլիոն ֆրանսիացի հեռուստադիտող: Շատերը դեբատները դիտել են ռեստորաններում և սրճարաններում` թեկնածուների յուրաքանչյուր դիպուկ հայտարարություն կամ խոսք ուղեկցելով ծափերով ու հավանության բացականչություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG