Մատչելիության հղումներ

Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Բելառուսում մեկնարկել է eDrone ծրագիրը


Հայկական արտադրության անօդաչու թռչող սարք Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի փորձի ժամանակ, արխիվ

Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Բելառուսում մեկնարկել է Եվրամիության Արևելյան հարևանության ծրագրով իրականացվող eDrone ծրագիրը։

Տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող Digital Report կայքը գրում է, որ այս ծրագրով երեք տարվա ընթացքում եվրոպացի մասնագետները չորս երկրների գործընկերներին օգնելու են անօդաչու թռչող սարքեր պատրաստել, ծրագրավորել և կառավարել։

Արևմտյան երկրներից ծրագրում ընդգրկված են Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը և Ռումինիան։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 միլիոն եվրո է, որը բաժանվելու է մասնակից երկրների 17 համալսարանների և ընկերությունների միջև։

Հայաստանից eDrone ծրագրում ներառված են երկու բուհեր՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Ճարտարագիտական համալսարանում ստեղծվելու է լաբորատորիա, տնտեսագիտականը՝ զբաղվելու է ծրագրերի ֆինանսատնտեսական հաշվարկներով։

Ճարտարագիտական համալսարանից Հրաչյա Կարապետյանը Digital Report-ին ասել է, որ իրականացվող ծրագրում խոսքը վերաբերում է միայն քաղաքացիական նպատակներով օգտագործվող թռչող սարքերին։

«Հայաստանը ռազմական նշանակության անօդաչու թռչող սարք է արտադրում, ամենահայտնին «Կռունկ»-ն է, որն իր տեխնիկական, մարտավարական պարամետրերով արտասահմանյան արտադրության նույնատիպ թռչող սարքերին չի զիջում։ Հայաստանում ևս երեք ընկերություն կա, որոնք արտերկրից դրոնների մասեր են գնում և տեղում հավաքում», - ասել է նա։

Տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան մասնագետները Digital Report-ին ասել են, որ պետությունը դրոնների վրա մեծ ուշադրություն է դարձնում, շուտով դրանց պատրաստումը դասավանդվելու է դպրոցներում։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը ասել է, որ պատրաստվում են դպրոցական ծրագրում ներառել անօդաչու թռչող սարքերի ծրագրավորման և կառավարման առարկան։ Նրա խոսքով՝ դա կմեծացնի այդ համակարգի մասնագետների թիվը, որոնք շուտով անհրաժեշտ կլինեն շատ ոլորտներում։

«Այսօր մենք աշխատում ենք, որ վաղը երկիրը պրոֆեսիոնալ մասնագետներ ունենա», - ասել է նա՝ այդ ոլորտում Հայաստանի համար կանխատեսելով մեծ ապագա. -«Հայաստանը կդառնա անօդաչու թռչող սարքեր արտադրող լիդերներից մեկը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG