Մատչելիության հղումներ

Առաքել Մովսիսյանին ու Արագած Ախոյանին պատգամավոր չընտրվելը չի ընկճել


Առաքել Մովսիսյան, արխիվ:
Առաքել Մովսիսյան, արխիվ:

Ընտրությունների նախնական արդյունքներով վեցերորդ գումարման Ազգային ժողովում չի լինի ընդդիմադիրների հասցեին հայհոյախառն արտահայտություններ, բռնաբարելու, գլուխ կտրելու սպառնալիքներ հնչեցրած Առաքել Մովսիսյանը:

Արմավիրի մարզում ստացած ավելի քան 6700 ձայներով Մովսիսյանը Հանրապետականի ութ թեկնածուներից չորրորդն է: Առաջատարները ոչ անհայտ Նահապետ Գևորգյանն ու Սեդրակ Սարոյանն են:

«Ազատության» հետ զրույցում Մովսիսյանն ասաց, թե ընկճված չէ․ - «Կարևորը Հանրապետական կուսակցության առաջադիմությունն էր: Անկախ ով կանցնի՝ բոլորին շնորհավորում եմ: Ոչ մի ընկճվածություն, ոչ մի բան չկա: Ես պաշտոնի հիվանդ չեմ, պատգամավորի հիվանդ չեմ․․․ Ինչ որ ասում եմ՝ տղամարդավարի եմ ասում: Ես չեմ տառապել պատգամավոր լինելով կամ պաշտոնյա դառնալով: Ես իմ անցյալը ունեմ, իմ կենսագրությունը ունեմ, ին ուղին ունեմ, գլուխս բարձր ման եմ գալիս, քանի որ պատերազմի մասնակից եմ, պատերազմում վաստակ ունենք ազգովի»:

Քարոզարշավի ընթացքում նախընտրական խոստումներ տալու համար Առաքել Մովսիսյանը նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում հայտնվեց․ ասֆալտապատման խոստումներ տալը, հիշեցրին, Ընտրական օրենսգրքի խախտում է: Այդուհանդերձ հանձնաժողովը չդիմեց դատարան՝ նրա գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար:

Մովսիսյանն ասաց, որ զբաղմունք կգտնի․ - «Էնքան բան կա զբաղվելու, որ ես չգիտեմ որ մի բանով զբաղվեմ․․․ Ժողովրդիս հետ մի քիչ ուտեմ-խմեմ, քեֆ անենք: Սահմանները, իհարկե, պտի հանգիստ լինի: Դրանից հետո, Աստված մեծ ա, մի դուռ կբացի․․․»:

Ժողովրդից Մովսիսյանը նեղացած չէ․ - «Տղամարդը չպտի նեղանա՝ պտի ջղայնանա: Մեր ժողովրդից խի՞ պտի ջղայնանամ․․․ Իրանց ցավը տանեմ: Իրանք ոնց ուզում են, ըտենց էլ թող անեն: Մենք էլ իրանց, ինչքան կանք, էլի օգնելու ենք»:

2012-ին «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով պատգամավոր դարձած, իշխանափոխության մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարություններից հետո կուսակցությունը լքած Արագած Ախոյանն այս ընտրություններում նախընտրեց Հանրապետականի թեկնածու լինել: Իշխանական կուսակցության աջակցությունը ստացավ, բայց ընտրողներինը, ըստ ԿԸՀ-ի նախնական գնահատականի՝ ոչ:

Արագած Ախոյան
Արագած Ախոյան

«Ես թմում նոր մարդ էի և, բնականաբար, չէի հասցրել, որպեսզի ներկայանամ նոր թմում որպես այդ թմի անդամ: Նենց որ, ամեն ինչ օրինաչափ էր: Յոթ մրցակից կային, և, բնականաբար, դրանց մեջ շատ դժվար էր համոզված լինել, որ ես անպայման պետք ա առաջինը լինեմ կամ երկրորդը: Ես դրա մասին գիտեի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ախոյանը:

Հարցին, թե ինչ է մտադիր անել հետագայում, պատասխանեց․ - «Էնքան անելիք ունեմ, էնքան անելիք․․․ Առաջինը, որ կսկսեմ նկարել: Ես նկարում եմ, ժամանակ կունենամ գոնե նկարելու: Երկրորդը, ես, գիտեք, շինարար եմ, վատ շինարար չեմ: Ընտանիքս ունի շինարարական բիզնեսներ, նենց որ անգործ չեմ մնա»:

Հարցին, թե հնարավոր է, որ ընդդիմադիր դառնա, Ախոյանն արձագանքեց․ - «Դա հնարավոր չի, որովհետև ես միջազգային կազմակերպության ազգային խորհրդի անդամ եմ և Թուրքիայի տարածքում աշխատանքային խմբի, ինչպիսին է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային կազմակերպությունը: Այդ գործը շարունակելու ենք՝ անկախ նրանից, մենք մանդատ կունենք թե չէ: Փորձելու ենք նորից պիտանի լինել մեր ազգին: Այ, ոնց ես եմ նախապատրաստված հետընտրական էս իրավիճակին, չէ՞, այնպես էլ նախապատրաստենք Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը Ցեղասպանության ճանաչման և հետևանքների վերացման գործընթացին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG