Մատչելիության հղումներ

Վանաձորի և Տաշիրի ընտրական հանձնաժողովներում դիմում-բողոքներ չեն ստացել


Վանաձորում և Տաշիրում տեղակայված տարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո արձանագրում են. դիմում-բողոքներ չեն ստացել, ուստի ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել։

Մինչդեռ քվեարկության նոր մեթոդները, էլեկտրոնային սարքերն ու դիտորդների լավ ու վատ գնահատականները լոռեցի ընտրողներին ավելի անհոգ ապրելու երաշխիքներ չեն տալիս։ Ամբողջովին ալյուրի մեջ կորած տաշիրցի բեռնակիրն անգամ ասում էր, թե քվեարկել, բայց արդյունքների մասին չի հետաքրքրվել։

«Արդյունքներն ո՞ւմ ա հետաքրքիր, մենք ընտրըմ ենք՝ գալիս ենք․․․ արդյունքները իրանց ա հետաքրքիր», - ասում էր նա:

Ստեփանավանին կից Բերդ գյուղում Հանրապետական կուսակցությունն ու ընդդիմադիր «Ելք» դաշինքը հավասար թվով ձայներ են ստացել։ Ասում են՝ «Ելքի» թեկնածուն իրենց համագյուղացին էր ու զգալի ձայներ ունեցել է, բայց միևնույնն է՝ բավարար չէր նրան Ազգային ժողով ուղարկելու համար։ Թեկնածուի աջակիցները վստահ են՝ ընտրակաշառքը մեծ դեր է ունեցել։

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ ընտրություններն արդա՞ր էին, գյուղացիներից մեկը պատասխանեց՝ «սաղին փողերը տված էր արդեն, արդարությունը դրանում ա»:

Գյուղացիներից մեկ ուրիշն ասաց՝ գոհ է արդյունքներից, հավանել է վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքն ու հանուն նրա գնացել՝ Հանրապետականին ձայն տվել։

«Էն մարդը մարդկային, լավ․․․ չի էլ անում՝ մարդկանց հետ ծիծաղով, շախով-շուխով բացատրըմ ա», - ասում էր նա:

Խոսքը դեռ չէր ավարտել, նրա գյուղապետի տեղակալ աշխատող կինը եկավ ու արգելեց խոսել՝ «Ռոմա՛ն, նստի ավտոդ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG