Մատչելիության հղումներ

Աթեշյանը լիազորությունները չի փոխանցում Բեքչյանին


Արամ արքեպիսկոպոս Աթեշյան (ձախից) և Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, արխիվ

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի պատրաստվում իր լիազորությունները փոխանցել պատրիարքի նորընտիր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: «Ակօս»-ի հաղորդմամբ` այս մասին արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է նախօրեին պատրիարքարանում արքեպիսկոպոս Բեքչյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Գերմանիայից վերադարձած Գարեգին Բեքչյանը երեկ այցելել է պատրիարքարանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ պետք է տեղի ունենար նրա դիմավորման արարողությունը: Սակայն, եկեղեցու դռները փակ են եղել, և հանդիսությունը տեղի չի ունեցել: Եկեղեցին բացվել է տեղապահ Բեքչյանի և պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գալուց հետո միայն:

Արքեպիսկոպոսին բարի գալուստ մաղթելու եկած ստամբուլահայերի մասնակցությամբ եկեղեցում աղոթք է արվել: Այնուհետև պատրիարքարանում հանդիպում է կայացել, որին մասնակցել են արքեպիսկոպոս Բեքչյանը, եպիսկոպոս Մաշալյանը, Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն և փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ներկայացուցիչ Թորոս Ալջանը: Արքեպիսկոպոս Աթեշյանն այս հանդիպմանը չի մասնակցել և միայն Շիրինօղլուի հորդորներից հետո է միացել քննարկմանը:

Տեղապահ Բեքչյանը բարձրացրել է լիազորությունների բաժանման հարցը, ինչին ի պատասխան, փոխանորդ Աթեշյանը նշել է, թե Բեքչյանն առայժմ լիազորություններ չունի: «Քեզ ճանաչում ենք իբրև տեղապահ, բայց կպաշտոնավարես միայն այն ժամանակ, երբ սկսվի նոր պատրիարքի ընտրության գործընթացը»,- ասել է Աթեշյանը: Արքեպիսկոպոս Բեքչյանը խնդրել է, որ իր առաջարկած պայմաններն Աթեշյանը թղթին հանձնի և առաջիկա երկու օրվա ընթացքում իրեն փոխանցի: Աթեշյանը պատասխանել է, թե այդ նամակը կուղարկի նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Հոգևորականների հանդիպմանը մասնակցած Թորոս Ալջանը «Ակօս»-ին փոխանցել է, որ քննարկման ժամանակ սրբազաններն առաջարկել են ստեղծված իրավիճակից իրենց լուծման տարբերակները: Նա հույս է հայտնել, որ պատրիարքական փոխանորդն ու տեղապահն ի վերջո համաձայնության կգան այն հարցում, թե ինչպես են կարգավորելու նոր պատրիարքի ընտրության գործընթացը:

Հիշեցնենք, անցած շաբաթ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հայր Տրդատ Ուզունյանն այցելել էին Ստամբուլի նահանգապետարան և փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ քննարկել մարտի 16-ին տեղի ունեցած տեղապահի ընտրություններից հետո ստեղծված անորոշ իրավիճակը: Թուրք պաշտոնյան հստակ հայտնել էր պետության դիրքորոշումը. նոր պատրիարքի ընտրության գործընթացը կարող է սկսվել միայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG