Մատչելիության հղումներ

Կողմերին հաջողվել է «զգալիորեն մոտեցնել» դիրքորոշումները․ Լավրով


Էլմար Մամեդյարով և Սերգեյ Լավրով, արխիվ
Էլմար Մամեդյարով և Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, այդ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հոդվածներ են հրապարակել:

«Միջնորդների աջակցության շնորհիվ կողմերը կարողացել են զգալիորեն մոտեցնել իրենց դիրքորոշումները շատ վիճելի հարցերի շուրջ։ Հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորման բազային սկզբունքները»։

«Բակինսկի ռաբոչիյ» թերթում հրապարակված հոդվածում այս մասին գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, սակայն, Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության հետ կապված։

«Այդ կապակցությամբ՝ մեր խնդիիրն է արդեն կատարված աշխատանքների հիման վրա օգնել հավասարակշռված լուծում գտնել։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը կկարողանան փոխզիջումների գնալու քաղաքական կամք դրսևորել։ Սա անհրաժեշտ է, որպեսզի բանակցային գործընթացն արդյունավետ լինի։ Բնական է, որ հակամարտության գոտում լարվածության նվազումը և ուժային ճանապարհի բացառումը առաջ գնալու կարևոր պայմաններն են»,- գրել է Լավրովն ու շարունակել․

«Բնականաբար, մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրին։ Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է, որ տարածաշրջան վերադառնան խաղաղությունն ու հանգստությունը, որպեսզի այնտեղ դադարեն զոհվել մարդիկ, բացվեն սահմանները, երկրների միջև վերականգնվի առևտուրը: Մնեք դրա համար անում ենք հնարավորը: Մեր առաքելությունն իրականացնում ենք ինչպես ինքնուրույն, այնպես Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Միացյալ նահանգների և Ֆրանսիայի հետ միասին»

Երեկ Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանի կապակցությամբ հոդվածներ էին հրապարակել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Այսօր էլ նույն ձևաչափով հոդվածներ են հրապարակել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։

Էլմար Մամդեյարովը «Նեզավիսեմայա գազետա»-ում հրապարակված հոդվածում գրում է. «Մեր բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը թույլ է տվել փոխադարձ հետաքրքրությունների հարգման վրա հիմնված հարաբերություններ հաստատել բոլոր պետությունների և միջազգային կառույցների հետ»:

Մամեդյարովն ընդգծել է, թե Բաքուն այսօր վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն, ինչի արդյունքում միջազգային հանրության կողմից Ադրբեջանը դիտվում է որպես ինքնաբավ և կանխատեսելի գործընկեր։ Սրա հետ մեկտեղ, Մամեդյարովն իր հոդվածում նշում է, որ Ադրեբջանի ու Ռուսաստանի միջև այսօր ռազմավարական գործընկերություն է հաստատված, և Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերում համընկնում են։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Մամեդյարովը գրում է, թե Բաքուն իր տարածքային ամբողջականության վերականգման հարցում մեծ հույսեր է կապում միջազգային հանրության ու հատկապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ աշխարհագրական և պատմական առումներով Հարավային Կովկասի հետ մտերիմ կապեր ունեցող Ռուսաստանի հետ։ Հոդվածում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հերթական անգամ ակնարկում է, որ Սանկտ Պետերբուրգում անցած տարի հունիսին կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպմանն ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև Սանկտ Պետերբերգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի ունեցած վերջին բանակցությունները օկուպացիոն ուժերն Ադրբեջանի տարածքից դուրս բերելու ձգձգվող հարցի լուծման որոշ հույսեր էին ներշնչել։ Սակայն, ցավոք, այդ հանդիպումից հետո Հայաստանն ամեն կերպ տարբեր պատրվակներով բանակցությունների շարունակությունից փորձում է խուսափել»,- գրել է Մամեդյարովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG