Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրոպայում բնակվող թուրք ընտրողներին կոչ է արել մարտահրավեր նետել «նացիստների թոռներին» և աջակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որը տեղի կունենա արդեն այս ամիս։
«Մենք թույլ չենք տա, որպեսզի ինչ-որ եվրոպացի ֆաշիստներ մեր արժանապատվությունը ոտնահարեն։ Չնայած խոչընդոտներին, մեր քաղաքացիները շատ ակտիվ քվեարկում են: Պատասխանե՛ք նացիստների թոռներին», - կոչ է արել Թուրքիայի նախագահը երկուշաբթի օրը հայրենի Ռիզե քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։
Հիշեցնենք՝ համաթուրքական հանրաքվեն, որի նպատակն է երկրի խորհրդարանական կառավարման համակարգը փոխել նախագահական հանրապետության, մեկնարկել է մարտի 27-ին։ Առայժմ դրան մասնակցում են միայն եվրոպական վեց երկրներում բնակվող Թուրքիայի քաղաքացիները։ Ապրիլի 16-ին հանրաքվե կանցնի արդեն Թուրքիայում։
Եվրոպական մի շարք պետություններ հանրաքվեի նախաշեմին թուրք գործիչներին արգելել են իրենց տարածքներում անցկացնել քաղաքական ակցիաներ, ինչը հանգեցրել է Թուրքիայի և եվրոպացի ղեկավարների միջև շարունակվող կոշտ դիմակայության:
Երկուշաբթի օրը Թուրքիայում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը հերթական անգամ որոշ եվրոպացի առաջնորդների ահաբեկչությանն աջակցելու մեջ է մեղադրել՝ պնդելով, թե Վատիկանի հետ գաղտնի գործարք կա Թուրքիան Եվրամիության կազմում չընդունելու հարցով։
Անցյալ օրն էլ, հիշեցնենք, իր հերթական ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը հենց կրոնական գործոնն է համարել գլխավոր պատճառը, որը Թուրքիային թույլ չի տալիս անդամակցել Եվրամիությանը։
«Գիտե՞ք, թե ինչու Թուրքիան 54 տարի է՝ չի կարողանում մտնել Եվրամիություն: Պատճառը միանգամայն պարզ է՝ ԵՄ-ը քրիստոնեական միություն է», - հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում կայացած հանրահավաքում:
Մինչ այդ էլ Թուրքայի նախագահն ասել է, թե Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների նպատակահարմարության հարցով հնարավոր է հանրաքվե անցկացնի։
Անկարան ու Բրյուսելն անդամակցության հարցով բանակցում են 2005 թվականից։ 2016 թվականին Բրյուսելը որոշել է սառեցնել այդ բանակցությունները՝ 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին Անկարայի «անհամաչափ» արձագանքի պատճառով։
Տասնյակ հազարավոր մարդկանց ազատազրկումը, ընդդիմադիր լրատվամիջոցների փակումն ու պատգամավորների, լրագրողների ձերբակալությունները հարցականի տակ դրեցին Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ապագան:
Պաշտոնական Բրյուսելը Թուրքիային շարունակ կոչ է անում հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին: Անկարան էլ, իր հերթին, ԵՄ-ին մեղադրում է «ահաբեկիչներին ապաստան տալու և աջակցելու մեջ»: