Մատչելիության հղումներ

Հովսեփ Խուրշուդյան. Հետընտրական պայքարի համար միայն քաղաքական ուժի ցանկությունը բավարար չէ


Ըստ «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի տեղեկատվական կենտրոնի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի, հետընտրական պայքարի համար միայն քաղաքական ուժի ցանկությունը բավարար չէ՝ դրա համար ժողովրդի պահանջ պետք է լինի։

Հիշեցնենք, ՕՐՕ-ն այն եզակի դաշինքներից էր, որ չէր բացառում նաև հետընտրական պայքարի հնարավորությունը։ Երեկ դաշինքն իր հայտարարությունում կոշտ քննադատել էր քվեարկությունը՝ այն համարելով «ոչ թե քվեարկություն, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն», սակայն հայտարարությունում որևէ խոսք չկար դաշինքի հետագա պայքարի մասին։

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե մտավախություն կա, որ իրենց սատարող քաղաքացինե՞ր չեն լինի, թե՞ փաստերը, որ ընտրության արդյունքները չեն արտացոլում իրականությունը, բավարար չեն, Խուրշուդյանը պատասխանեց. - «Եթե այսօրվա հայտարարության մեջ չկա, ես չեմ կարող ասել, վաղն էլ է նիստ լինելու, քննարկումները շարունակվում են, դա կլինի, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, այնտեղ նշված է, որ ժողովրդի պահանջ պետք է լինի, և միայն քաղաքական ուժի ցանկությունը դրա համար բավարար չէ։ Ընտրությունների արդյունքների մասով այնպես չէ, որ ես կարծում եմ, որ ընդդիմությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս ամեն ինչի համար, ո՛չ, այնտեղ նաև նշված է, որ ընդդիմության չհամախմբվելը, միասնական, մեծ կոնսոլիդացիայի չգնալը, միասնական դաշինքով իշխանությունների դեմ չպայքարելը բերեց նրան, որ մարդիկ չտեսան այլընտրանք»։

«Ցավոք սրտի, ժողովուրդը պարտվեց», - ասաց ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը՝ հավելելով, որ պարտվեցին նաև ժողովրդի շահերը ներկայացնող իրական ընդդիմադիր ուժերը։

«Ինչի՞ պարտվեցին, մենք ասում էինք, չէ՞, ամենասկզբից, որ եթե մենք բոլորս չենք համախմբվում, մի կողմ չենք դնում, թե ով ինչ է ժամանակին ասել, ով ինչ պոզուպոչ ունի, եսիմ ինչ ունի, ովքեր որ ՀՀԿ-ի իշխանության դեմ են, պետք է համախմբվեին, որպեսզի ժողովուրդը տեսներ, որ այս մարդիկ պատրաստ են մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, միայն թե ազատել երկիրը այս չարիքից, և իրենք կտեսնեին այլընտրանք, և ո՛չ կգնային կաշառք կվերցնեին, ո՛չ այդ խնդիրները կլինեին», - վստահեցրաց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով․ - «Իսկ երբ որ մարդիկ տեսնում են, որ չկա այդ այլընտրանքը, երբ որ տեսնում են, որ ընդդիմադիր ուժերն իրար մեջ են ինչ-որ բազարների մեջ... Մենք դրա համար զերծ մնացինք որևէ ընդդիմադիր ուժի քննադատելուց, որպեսզի գոնե մեր կողմից այդ արատը չմտնի՝ անվստահության, թերահավատության, այդ հիասթափության արատը չմտնի հասարակության մեջ, արմունկներով աշխատելու այդ մեթոդաբանությունը չլինի, բայց միայն մեր վարքաբանությունը քիչ էր դրա համար, պետք է բոլորը միասնաբար գործեին և, ցավոք սրտի, չարեցին, մի մասը՝ որովհետև չհասկացավ դրա կարևորությունը, 12 թվականի խորհրդարանական ընտրություններից դասեր չքաղեցին, իսկ մյուս մասը՝ ուղղակի գործարքի մեջ լինելով, ես հիմա անուններ չեմ տա»:

«Ամեն ինչ շատ շուտով իրա տեղը կընկնի։ Բոլորս գիտենք, թե ով ոնց անցկացրեցին կամ չանցկացրեցին ընտրությունները, և քվեարկությունները ոնց ուղղորդեցին՝ ում, ոնց և այլն», - ասաց Խուրշուդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG