Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ի և Մոլդովայի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց


Մոլդովան կատարեց առաջին քայլը դեպի Եվրասիական տնտեսական միություն: Երկրի նախագահ Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը այսօր Քիշնևում ստորագրեցին համագործակցության հուշագիրը ԵԱՏՄ-ի և Մոլդովայի միջև:

Մոլդովայի նախագահը հայտարարել է, թե հուշագիրը շատ ոլորտներում փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու ուղղությամբ երկխոսություն ձևավորելու առաջին քայլն է:

Իսկ Ֆեյսբուքի իր էջում Դոդոնը գրել է, թե հուշագրի ստորագրումը պատմական իրադարձություն էր մոլդովացիների համար և համոզմունք հայտնել, որ մոտ ապագայում Մոլդովան դիտորդի կարգավիճակ կունենա ԵԱՏՄ-ում:

Քիշնևում անցկացվում է «Եվրասիական տնտեսական միություն - Մոլդովայի Հանրապետություն» համաժողով, հուշագիրը ստորագրվել է դրա շրջանակներում:

Այդ համաժողովում ելույթ է ունեցել Տիգրան Սարգսյանը: Մոլդավական AccentTV-ի փոխանցմամբ նա ասել է, թե Մոլդովան մեծ աշխարհամասի անքակտելի մասն է: Սարգսյանը հավաստիացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Մոլդովայի և ԵԱՏՄ-ի միջև կայուն գործարար կապերի համար ստեղծվեն առավելագույն նպաստավոր պայմաններ:

Սակայն Մոլդովայում իշխող դեմոկրատական կուսակցությունը ու վարչապետը չեն ընդունում ստորագրված փաստաթուղթը: Վարչապետ Պավել Ֆիլիպը այսօրվա ճեպազրույցում ասել է, թե Իգոր Դոդոնի ստորագրած փաստաթուղթը զրոյական նշանակություն ունի, որևէ իրավական արժեք և իրավական հետևանքներ չունի: Վարչապետի խոսքերով երկրի նախագահը փորձում է շարունակել իր անձնական պայքարը այն ամենի դեմ, ինչը վերաբերում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրին, Ռումինիային, Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին:

«Փաստաթուղթը ստորագրված չէ Մոլդովայի անունից», - հայտարարել է վարչապետը:

Իգոր Դոդոնը իսկույն արձագանքել է, ասելով թե իշխող ռեժիմի ներկայացուցիչները գերագնահատում են իրենց նշանակությունը և թերագնահատում ժողովրդի կարծիքն ուժողովրդի կողմից ընտրված նախագահին: Նա ասել է, թե ըստ սահմանադրության երկրի նախագահը պատասխանատու է արտաքին քաղաքականության համար և հուշագրի ստորագրումը իր լիազորությունների շրջանակում է:

Տիգրան Սարգսյանը ևս նշել է, որ հուշագիրը Մոլդովայի վրա որևէ պարտականություն չի դնում և այդ առումով չի հակասում Մոլդովայի միջազգային պարտավորություններին: - «Մեր փաստաթուղթը իրավաբանական փորձաքննություն է անցել, ինչը ցույց է տվել, որ մենք կարող ենք այն հանգիստ ստորագրել», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Մոլդովան ընտրել է Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհը, ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, սակայն արևմտամետ կառավարությունում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետևանքով անցյալ տարի հակակառավարական ցույցերը երկար ժամանակ շարունակվում էին, իսկ անցած նոյեմբերին երկրի նախագահ ընտրվեց ռուսամետ սոցիալիստ Իգոր Դոդոնը: Մինչ այդ նախագահին ընտրում էր խորհրդարանը:

Պաշտոնը ստանձնելուց հետո Դոդոնը ռուսական RT-ին տված հարցազրույցում ասել էր, թե չի կարծում, որ Մոլդովան երբևէ կանդամակցի Եվրամիությանը, իսկ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը կենսական նշանակություն ունի երկրի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG