Մատչելիության հղումներ

«Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն», - հայտարարում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքը՝ ընտրություններին մասնակցած բոլոր ուժերից, թերևս, ամենակոշտը գնահատելով երեկվա քվեարկությունը:

Այս ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ հետքայլ արձանագրեց, - ասված է պաշտոնական տվյալներով ընդամենը երկու տոկոս քվե ստացած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարությունում:

Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում են, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը:

«Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողած և տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նվազագույն վստահությունը»,- ընդգծում են պաշտպանության և արտաքին գործերի նախկին նախարարներն ու եզրակացնում․ - «Կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձևավորված ո՛չ լեգիտիմ իշխանություն, է՛լ ավելի խորացավ քաղաքական մենաշնորհը, ավելի են սրվելու երկրում առկա խնդիրները, ավելի է խորանալու անհուսությունն ու անարդարության զգացումը, ավելի է մեծանալու արտագաղթը և լրջորեն վտանգվելու է մեր երկրի անվտանգությունը»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գնահատմամբ՝ իշխանություններն ուզում են ամրապնդել ժողովրդի մեջ առկա մտայնությունը, թե Հայաստանում ընտրությունների ճանապարհով որևէ փոփոխության հասնել հնարավոր չէ: «Տեղի ունեցավ քաղաքականությունից հեռու փողատեր թաղային «հեղինակությունների» կռիվ՝ երկրի համար ամենածանր հետևանքներով», - գնահատում են ընդդիմադիր երեք առաջնորդները:

Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի տվյալներով՝ ո՛չ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝, և ոչ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որևէ աղերս չունեն իրականության հետ:

Այդուհանդերձ իշխանափոխության ծրագրով ընտրապայքար մտած ու նաև հետընտրական պայքարի հնարավորությունը չբացառած դաշինքը հանրահավաքների մասին չի հայտարարում՝ միայն շեշտելով, որ մղձավանջը երկար չի կարող շարունակվել և որ իրենք լինելու են այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG