Մատչելիության հղումներ

Ալիև. «Ղազախստանն Ադրբեջանի համար եղբայրական երկիր է»


Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Նուրսուլթան Նազարբաևը, Բաքու, 3 ապրիլի, 2017թ.
Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Նուրսուլթան Նազարբաևը, Բաքու, 3 ապրիլի, 2017թ.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկվանից պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում:

Նա Բաքվում այցելել Շեհիդների (Նահատակների) ծառուղի, ապա նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի շիրիմին, որտեղ ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել արդիական Ադրբեջանի հիմնադիրը համարվող հանգուցյալ նախագահի հիշատակին:

Այսօր տեղի են ունեցել Նազարբաևի և Ալիևի բանակցությունները, որոնց օրակարգում քաղաքական և տնտեսական հարաբերությունները խթանելու հարցն է: Կողմերը կնքել են մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև «2017-18 թվականների համագործակցության ծրագիրը»:

Նազարբաևն Ալիևին շնորհավորել է անցյալ տարի անցկացված սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ:

Դիմելով Նազարբաևին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին` Ալիևն ասել է, թե Ղազախստանի ղեկավարի այցը մեծ նշանակություն ունի երկու երկրների համար:

«Նախ ուզում եմ ձեզ շնորհավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղազախստանի ընդգրկման կապակցությամբ: Դա վկայում է համաշխարհային հարցերում Ղազախստանի դերակատարության, ձեր անձնական հեղինակության ճանաչման, ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում խաղաղության հաստատմանն ուղղված ձեր ջանքերի գնահատման մասին», - ասել է Իլհամ Ալիևը` հավելելով․ - «Ղազախստանն Ադրբեջանի համար հսկայական կարողություններ ունեցող բարեկամական, եղբայրական երկիր է, որի նվաճումները ոգևորում են: Ղազախստանի և Ադրբեջանի տեսակետները բոլոր հարցերում համընկնում են»:

Ղազախստանի ղեկավարը, իր հերթին, նշել է, որ ստորագրված համաձայնությունները, մասնավորապես, տրանսպորտի հարցերը կարգավորող նախարարությունների համագործակցության պայմանագիրը, կնպաստեն ապրանքաշրջանառության մակարդակի աճին, ինչն օգուտ կբերի երկու երկրներին:

Նա ասել է, որ Ղազախստանում ապրում են 130 հազար ադրբեջանցիներ․ - «Նրանք մեր քաղաքացիներ են և ակտիվորեն մասնակցում են բոլոր գործընթացներին, դա մեր հարաբերությունները հզորացնող յուրօրինակ կամուրջ է»:

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Նազարբաևը նաև շատ ջերմ է խոսել ավագ Ալիևի դերի մասին:

«Մենք մեր հարաբերությունները հիմնել ենք Հեյդար Ալիևիչի հետ, միասին ենք դա արել և այսօր էլ շարունակում ենք այդ աշխատանքը», - ասել է Ղազախստանի ղեկավարը և ավելացրել. - «Ես ձեր երկիր միշտ հաճույքով եմ այցելում, որովհետև ինձ այստեղ տանն եմ զգում»:

Նախագահ Ալիևը նախագահ Նազարբաևին շնորհել է Ադրբեջանի բարձրագույն պետական պարգևը՝ Հեյդար Ալիևի շքանշան:

Ալիևի հրամանագրում ասվում է, որ Նազարբաևը շքանշանին արժանացել է «Ղազախստանի և Ադրբեջանի միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG