Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների վերաբերյալ հարուցվել է վեց քրեական գործ, կա մեկ ձերբակալված


Ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցվել է 6 քրեական գործ, բոլորը՝ կրկնակի քվեարկության փորձի փաստերով։ Դրանցից 1-ով արդեն իսկ կա ձերբակալված կասկածյալ։ Ինչպես հաղորդվում է Կոմիտեի պաշտոնական կայքում՝ գործերից 3-ը վերաբերում են Երևանին, մյուս 3-ը՝ մարզերին։

«Ազատության» հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց որ այսօր ժամը 15-ի դրությամբ ստացվել է գրանցված ընտրախախտումների վերաբերյալ 197 հաղորդում, նյութերի ստուգումը շարունակվում է։

«Առ այս պահն էլ քննչական ստորաբաժանումները շարունակում են ստանալ նյութեր քվեարկության օրը արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ», - նշեց Սոնա Տռուզյանը: - «Մեր կողմից ստացվող ահազանգերի հիմնական մասը մամուլի հրապարակումներն են: Վեց դեպքով հարուցվել է քրեական գործ կրկնաքվեարկության դեպքերի վերաբերյալ: Սրանք այն դեպքերն են, երբ այս ընտրողները իրենց ընտրատեղամասերում կատարելով քվեարկություն, երկրորդ անգամ են գնացել իրենց իսկ ընտրատեղամասը և փորձել կրկին քվեարկություն կատարել», - հավելեց նա:

Մարզերից քերական գործեր են հարուցվել Սյունիքի 34/67, Արմավիրի16/03 և Վայոց ձորի 36/25 տեղամասերում։ Իսկ մայրաքաղաքում քաղաքացիները կրկնաքվեարկության փորձ են կատարել Արաբկիրի 4/35, Քանաքեռ-Զեյթունի 3/22, և Ավան ու Նորք-Մարաշ վարչական շրջանների 2/19 ընտրատեղամասներում։ Այս բոլոր դեպքերում փորձերը կանխվել են, երբ հանձնաժողովի անդամները քաղաքացիների անձնագրերի տվյալները մուտք են արել էլեկտրոնային սարքի մեջ։ Սոնա Տռուզյանի խոսքով՝ այս ընտրությունների ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպք չի գրանցվել։

Գլխավոր դատախազությունն այսօր կիսգիշերի դրությամբ ուսումնասիրել է զանգվածային լրատվամիջոցների շուրջ 2000 հրապարակում, որոնցից, ըստ հաղորդագրության, 392-ն են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել: Երեկ ողջ օրվա ընթացքում չի լռել նաև ոստիկանության թեժ գիծը․ ստացվել է 47 ահազանգ։

Ինչպես արձանագրել խախտումները, եթե որոշ տեղամասերում տեսախցիկները չեն աշխատել՝ հարցնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Սոնա Այվազյանը։ Նա վկայակոչում է հենց իրենց նախաձեռնության ուսումնասիրությունը։

«Ուսումնասիրեցինք 150 ընտրատարածքի տեսախցիկներ, ու այդ 150-ից 20 տոկոսում չէր աշխատում», - փաստում է նա:

Զանգվածային լրատվության միջոցների շուրջ 2,000 հրապարակում էլ երեկվանից ուսումնասիրել է գլխավոր Դատախազությունը։ Դրանից 392-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակել:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ ժամը 17-ի դրությամբ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 535 հաղորդում, որոնցից 129 նախաքննության փուլում է, 94-ը՝ չի հիմնավորվել։ Գլխավոր դատախազությունը ոստիկանությանն է հանձնարարել ուսումնասիրել նաև «Ազատության» և «Արարատնյուզ» կայքի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ տեսանյութը։ Ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին՝ հետաքննությունն է կատարվում։

Մինչև ոստիկանությունը կհետաքննի՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանը հայտարարում է՝ իրավապահները դանդաղում են, տեսանյութում առկա փաստերը բավարար էին անմիջապես գործ հարուցելու համար։

«Ոստիկանությունը պիտի նախաձեռնի քննությունը: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկարահանած ամբողջ նյութը, որը համացանցում եղել է երեկ, բավարար հիմք պիտի լիներ նյութեր նախապատրաստելու և դեռ երեկ քրեական գործ հարուցելու համար», - ասում է Բարսեղյանը:

Այսօր Գլխավոր դատախազությունը նաև Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող երկու հաղորդում և զանգվածային լրատվամիջոցների երեք հրապարակում։ Հաղորդումները վերաբերում են քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի անդամների աշխատանքներն առերևույթ խոչընդոտելու դեպքերին, իսկ հրապարակումները ընտրատեղամասերում դիտորդների կողմից արձանագրած խախտումներին, վստահված անձանց աշխատանքային գործունեությանը խոչընդոտելուն, քրեակատարողական հիմնարկներում արձանագրված ընտրախախտումների և քվեարկողներին ուղղորդելու դեպքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG