Մատչելիության հղումներ

Արձանագրված ընտրախախտումները ազդել են քվեարկության արդյունքների վրա․ դիտորդներ


Տեղական դիտորդները, հետևելով քարոզարշավի և քվեարկության ընթացքին, հայտարարում են՝ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայությունը: Ըստ տեղացի դիտորդների՝ արձանագրված ընտրախախտումները ազդել են քվեարկության արդյունքների վրա։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, այսօր թվարկելով իրենց կողմից արձանագրած խախտումները, ասաց՝ բնական չէր, որ երեկ առավոտյան ամբողջ ազգը գնում էր քվեարկության։ Իոաննսիյանը դա ուղղորդում որակեց․ - «Երբ մենք ունենք իրավիճակ, երբ ամբողջ ընտրական հանձնաժողովը առնվազն լուռ համաձայնությամբ մասնակցում է կեղծիքներին, երբ մենք ունենում ենք իրավիճակ, երբ ոստիկանությունը, իրավապահ համակարգը ևս առնվազն իր լուռ համաձայնությունն է տալիս կեղծիքներին, ապա երևի թե կարելի է գլխի ընկնել, թե ում օգտին են կատարվում այս կեղծիքները»:

Երեք կազմակերպություն ներառող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, դիտարկելով 1,521 ընտրատեղամասերը, արձանագրել է քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման և ընդհանուր բնույթի ավելի քան 2,100 խախտում։ Խախտումների 41 տոկոսը դեռևս ճշտման փուլում է։ Քվեարկության գաղտնիության խախտում, ընտրողների ուղղորդում, տեղամասերում կողմնակի անձանց ներկայություն, ճնշում և բռնություն, մարդկանց կամ մեքենաների կուտակումներ, ընտրողին քվեարկելիս օգնելու կարգի խախտում և այլն, թվարկում են դիտորդներն ու նշում՝ չնայած նոր Ընտրական օրենսգրքով ամրագրված նորամուծությունների՝ մասնավորապես օնլայն հեռարձակում, մատնահետքերի ստուգում, ընտրական գործընթացի բարեփոխում չարձանագրվեց։

«Բանակի քվեարկությունը մնաց կառավարելի իշխանության համար, իսկ 5-ից 7 տոկոս քվե է գործող իշխանության գրպանում: Անունը դրեցին համամասնական ընտրակարգ, այն ինչ մեծամասնականի լուրջ էլեմենտներ մտցրեցին սրա մեջ՝ այսպես կոչված՝ վարկանիշային: Վարչական ռեսուրսի մոբիլիզացիան, որը գործող իշխանությունների ձեռքում է, լրջորեն ծառայեց իրենց քվեների աճեցման և մարդկանց կամքի վրա ազդելու համար», - ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: - «Այս ամենը և էլի մի շարք գործոններ լրջորեն ազդել են ընտրությունների ժամանակ քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա», - հավելեց նա:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Սոնա Այվազյանն անդրադարձավ ընտրակաշառքի դեպքերին․ ի թիվս այլ խախտումների, նախաձեռնությունը երեկ ընտրակաշառքի 5 դեպք է արձանագրել։

«Մեր արձանագրած ընտրակաշառքի դեպքերը այդքան շատ չեն, բայց բոլորը գիտեն, իհարկե, նախընտրական փուլում ամբողջ Հանրապետությունով մեկ ընտրակաշառքը բաժանվում էր մեծ չափերով տարբեր ուժերի կողմից», - նշեց նա:

Արդյոք ազատ և արդար ընտրություններ անցկացվեցին․ այս հարցին «Քաղաքացի դիտորդի» ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանն պատասխանում է․գնահատականը միանշանակ տալ չեն կարող․ - «Եթե զուտ բաժանենք ընտրողների մասնակցության թիվը այդ տեղամասերում ժամաքանակի հնարավորությունը, ստացվում է, որ մեկ ընտրողը տեղամասում քվեարկությունը կատարել է 50-60 վայրկյանի ընթացքում, որը ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէր: Ինչը նշանակում է, որ ուղղակի տեղի են ունեցել ընտրություններից շեղված այլ երևույթներ»:

Նշենք, որ ընտրությունները դիտարկած ԱՊՀ դիտորդները տրամագծորեն հակառակ պատկերն են արձանագրել է․ այն է՝ ընտրություններն անցել են ազատ և թափանցիկ, և արտացոլում են ընտրողների կամարտահայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG