Մատչելիության հղումներ

Ազնավուր․ «Ով էլ լինի ընտրված իմ ժողովրդի կողմից՝ ես ընդունում եմ նրան»


Շառլ Ազնավուրը Հայաստանում, արխիվ

«Ով էլ լինի ընտրված իմ ժողովրդի կողմից՝ ես ընդունում եմ նրան: Եթե նա ընտրված է ժողովրդի կողմից, ուրեմն՝ նա իմ նախագահն է», - մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները՝ այսօր հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Մոսկվայում ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա ընդգծել է․ - «Անկեղծ ասեմ՝ չեմ սիրում մարդկանց, ովքեր գնում են այլ երկրներ և քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը, այնպես որ՝ ինձ համար ամեն ինչ գերազանց է»:

Ֆրանսահայ երգիչը այս մասին խոսել է լրագրողներից մեկի հարցին ի պատասխան: Թեև ասուլիսի կազմակերպիչները, ընդհատելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին հարցը, հայտարարել են, որ մաեստրոն քաղաքական հարցերի չի պատասխանի, այդուհանդերձ, Ազնավուրը արձագանքել է․ - «Ես երբեք չեմ խոսում քաղաքականության մասին՝ չնայած ունեմ քաղաքական գործիչ ընկերներ, բայց մենք խոսում ենք ամեն ինչից՝ թատրոնից, երաժշտությունից, քանդակագործությունից, բայց ոչ՝ քաղաքականությունից»:

«Ես ժողովրդին թույլ եմ տալիս ընտրել իմ փոխարեն», - կատակով հավելել է ֆրանսիական շանսոնի լեգենդը:

Մեկուկես ամսից 93-ամյակը տոնող Շառլ Ազնավուրի ասուլիսը տեղի է ունենում նրա մոսկովյան համերգի շրջանակում, որը նախատեսված է ապրիլի 5-ին:

«Այս անգամ որոշել եմ ռուսերեն սովորել: Ֆրանսերեն տարբեր գրքեր կան ռուսերեն սովորելու համար, օրինակ՝ «Ռուսերեն՝ թեյնիկների համար»․ այդ գիրքը հետս է և արդեն սկսել եմ կարդալ», - ասել է շուրջ յոթ լեզուներով երգող շանսոնյեն, ով, ինչպես նշում է, մեծացել է ռուսախոս ընտանիքում, սակայն ռուսերեն չի հասցրել սովորել, քանի որ քրոջ հետ ֆրանսերեն էին սովորում: «Մեզ համար ռուսերենը միշտ էլ մոտ է եղել. հայրս ռուսատառ էր ստորագրում: Կարելի է ասել, որ այցելելով Ռուսաստան՝ ես վերադառնում եմ նախնիներիս երկիրը», - հայտարարել է երգիչը:

Խոսելով իր երգարվեստի մասին՝ մոտ 800 երգերի հեղինակը նշել է, որ բազմաթիվ ստեղծագործություններ ունի իր աշխատանքի մասին: «Ես ամեն ինչ ասել եմ՝ սեր, բաժանում, երեխաներ, որոնք չկան, պատերազմի երեխաներ․․․ Ինձ համար դժվար է գտնել մի թեմա, որի մասին գրված չլինի, բայց ես ունեմ ուժ և կգտնեմ այդ թեման», - շարունակել է Ազնավուրը, հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության մասին երգ է գրել՝ կոչվում է «Նրանք ընկան»:

«Թուրք ընկերներս ասացին՝ «կարող էիր Հոլոքոսթի մասին գրել», ինչին ես պատասխանել եմ՝ «ամենակարևորն է գտնել ճիշտ արտահայտությունը, և այդ արտահայտությունը սա է՝ այն, ինչ մարդը մարդուն է անում, կենդանին կենդանուն չի անի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG