Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն ամփոփեց նախնական արդյունքները․ ԱԺ են անցնում ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը և ՀՅԴ-ն


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները, Երևան, 3-ը ապրիլի, 2017թ․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքներով վեցերորդ գումարման խորհրդարանում ընտրություններին մասնակցած 9 ուժերից ու դաշինքներից ներկայացված կլինեն չորսը:

Առաջատարը իշխող Հանրապետականն է՝ 49.12 տոկոս ձայներով: Երկրորդը 27.32 տոկոսով «Ծառուկյան» դաշինքն է, երրորդը «Ելք» դաշինքը՝ 7.77 տոկոս, և չորրորդը Դաշնակցությունը՝ 6.57 տոկոս քվեներով:

Հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեին 5 տոկոսի, դաշինքները՝ 7 տոկոսի շեմը:

«Սրանք նախնական տվյալներ են, որոնք դեռևս ստացված են էլեկտրոնային եղանակով: Այսինքն, տեղամասային ընտրական հանձնաժողովներից արձանագրությունները բերվում են տարածքային ընտրական հանձնաժողովներ, մուտք են արվում այդ տվյալները համակարգիչներ․․․ Հետո արդեն մենք կստանանք թղթային արձանագրությունները, կիրականացվի ուսումնասիրություններ: Արդյունքում, եթե կլիներ նաև դիմումներ, բողոքողներ, դրանցով կայացված նաև որոշումներոը հաշվի կառնվեն, և հենց այդ ամբողջի հանրագումարում կիրականացվի ընտրության արդյունքների ամփոփումը», - ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Թե որ կուսակցությունն ու դաշինքը քանի մանդատ է ստացել, ԿԸՀ֊ն կհայտարարի գալիք կիրակի: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չձևավորվի, կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ:

Տիգրան Մուկուչյանն այսօր ձեռնպահ մնաց ասել՝ նախնական արդյունքների համապատասխան Հանրապետականին հաջողվե՞լ է ձևավորել մեծամասնություն, թե՞ ոչ․ - «Նախնական տվյալներով մանդատների ամփոփում Ընտրական օրենսգիրըք չի նախատեսում: Դրա համար՝ ամեն ինչը իր ժամանակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG