Մատչելիության հղումներ

Սա հաղթանակ էր բոլոր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մեր քաղաքացիների կողմից, սա իրականում ոչ թե քայլ առաջ էր, այլ թռիչք առաջ էր, երեկ քվեարկությունից հետո, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ գնահատելով քվեարկության ընթացքը։

Դիտարկմանը, թե «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներն առաջին 4 ժամում 681 խախտում են արձանագրել, Աշոտյանն այսպես արձագանքեց. - «Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 570 մարդ մոտավորապես, արձանագրված կամ բարձրաձայնված խախտումների թիվը չի անցնում 10 հազարը, այդ թվի մեջ գումարում եմ և՛ ֆեյսբուքյան գրառումները՝ տարբեր ֆիզիկական անձանց կողմից, չապացուցված դեպքերը, 10 հազարի մեջ մտնում է ամեն ինչ, թիվը մեծ եմ ասում, ի դեպ։ Եկեք միասին հաշվենք՝ եթե անգամ այդ 10 հազարը ճիշտ է, ապա 1 միլիոն 500 հազար քվեարկող մարդկանց մեջ 10 հազար դեպքն անգամ 1 տոկոս չի անում, այսինքն՝ մենք ունեցել ենք 99 տոկոսից ավել մաքուր ընտրություն, եթե վերցնում ենք որպես հիմք ահազանգերը։ Եթե վերցնում ենք որպես հիմք դատախազության, ոստիկանության հաշվետվությունները մոտ 200 քանիս, դե տեսեք դա ինչ թիվ է կազմում՝ 0.00 ինչ։ Այսինքն՝ անգամ եթե այդ բոլոր ահազանգերը և հարուցված գործերը ապացուցվեն, որ կան մեղավորներ, և այդ մեղավորները կապ չունի՝ ովքեր են՝ հանրապետականներն են, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն են, ՕՐՕ-ի [«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի] ներկայացուցիչներն են, անգամ այս դեպքերը չեն կարող ստվերել ընտրությունների որակը»:

Խոսելով այն հաղորդումների, դժգոհությունների մասին, թե ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկները չեն աշխատել, Աշոտյանը ասաց՝ բնական է, որ հազարավոր տեսախցիկների, սարքավորումների մեջ կարող էին լինել սարքեր, որոնք և չեն աշխատել:

«Սարքերը չէին աշխատում 30 տեղամասում 2000 ընտրատեղամասից՝ ըստ ԿԸՀ-ի: Բնական է, որ հազարավոր իդենտիֆիկացնող սարքեր, տեսախցիկներ, հազարավոր սարքավորումներ են եղել, որոնց մեջ կարող են և լինել սարքեր, որոնք և չեն աշխատել: Մեզ մեղադրեցին նրանում, որ օնլայն հեռարձակումը իբր թե խափանվել է: ԵՄ դիտորդն ասաց, որ խնդիրներից մեկը եղել է Եվրոպայով անցնող մալուխի մեջ, մյուսը՝ Ամերիկայում տեղակայված սերվերի: Սա օրինաչափ է», - ասաց Աշոտյանը:

Խափանման մասին հաղորդումներից հետո Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել էր, որ ամերիկյան սերվերի հետ առաջացած խնդիրների պատճառով որոշ դեպքերում ինտերնետային հեռարձակումը չի աշխատում, սակայն ամեն ինչ տեսագրվում և պահպանվում է, իսկ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն օնլայն ռեժիմով հետևել դրանց:

Նշենք, որ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով խափանումները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն ասել էր, որ ընտրական տեղամասերում տեղադրված տեսախցիկներից Electionsonline.am կայքում ուղիղ հեռարձակումը չի աշխատում, քանի որ կայքը աննախադեպ մեծ թվով այցելուներ է ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG