Մատչելիության հղումներ

Բաց և կրկնակի քվեարկության դեպք 8/33 տեղամասում


Ընտրողը հանել է քվեաթերթիկը ծրարից, 2-ը ապրիլի, 2017թ․
Ընտրողը հանել է քվեաթերթիկը ծրարից, 2-ը ապրիլի, 2017թ․

Այսօր կեսօրից Շենգավիթի 8/33 ընտրատեղամասում մի խումբ երիտասարդներ տարեց մարդկանց բերում էին ընտրատեղամաս, ինչպես նաև օգնում էին նրանց քվեարկություն կատարել:

«Նախ, առավոտից, ուղղորդողներ գալիս են՝ բարեկամներ ներկայանալով: Ցավոք, այն է խնդիրը, որ իրենք էստեղի ընտրող են, ու մենք իրավունք չունենք իրենց ոչ մի ձևով հեռացնել, իսկ էդ տղան երկրորդ անգամ էր մտնում ընտրատեղամաս, ինչը ընդհանրապես իրավունք չունի անելու, ուզում էր երկրորդ անգամ ընտրողին տանել քվեախցիկի մոտ», - ասաց «Ելք» դաշինք վստահված անձ Գոհարիկ Տիգրանյանը:

Այդ երիտասարդներից մեկը «Ազատության» հարցին ի պատասխան՝ թե ինչու է ընտրատեղամաս բերել տարեց մի մարդու, պատասխանեց, որ վերջինս իր դասարանցին է:

«Ինչ կարևոր ա, թե ով եմ: Չե՞ք տեսնում՝ վատառողջ է, թողնեմ ընկնի՞: Իմ դասարանից է: Չի կարողանում աստիճանները բարձրանա: Ոչ հարևան եմ, ոչ բարեկամ եմ: Շնորհքից ելնելով եմ օգնում», - ասաց երիտասարդներից մեկը:

Տարեց մարդին իր հերթին, նախ ասաց, որ երիտասարդն իր ընկերն է, ապա՝ բարեկամը:

Եվս մի միջադեպ գրանցվեց այս տեղամասում․ բաց քվեարկության դեպք կարելի է ասել: Ընտրողներից մեկը քվեաթերթիկը քվեատուփը գցելուց առաջ հանեց ծրարից, դնելով հանձնաժողովի անդամի սեղանին: Նույն քվեաթերթիկը նրան հետ վերադարձին նա կրկին մոտեցավ քվեախցիկին և արդեն քվեաթերթիկը ծրարի մեջ դրած՝ գցեց քվեատուփը: «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ իրեն լավ չեն բացատրել քվեարկելու կարգը․ - «Հերթը էնտեղ․․․Անկազմակերպված է ամեն ինչ: Թող բացատրեին կարգին»:

«Ելք» դաշինքի վստահված անձը նաև պնդեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության վստահված անձը ուղղորդել է ընտրողներից մեկին քվեախցիկի առջև:

«Վստահված անձն իրավունք չունի որևէ բառ ասելու ընտրողին: ՀՀԿ-ի վստահված անձը ասել է՝ ընտրեք 7-րդ համարին», - ասաց Տիգրանյանը:

ՀՀԿ վստահված անձ Օնիկ Մկրտչյանը, մինչդեռ, պնդեց, որ չի ուղղորդել ընտրողին․ - «Օգնել եմ, համար չեմ ասել, ասել եմ ծրարի մեջ դնի»:

Հանձնաժողովն արձանագրեց սա որպես խախտում: Հանձնաժողովի նախագահ Գերասիմ Ալեքսանյանը հավելեց, որ առավոտյան գրանցվել է նաև կրկնակի քվեարկության դեպք, այն կանխել են, հայտնել ոստիկանության: Քվեարկության ընթացքը, սակայն հանձնաժողովի նախագահը նորմալ գնահատեց․ - «Շատ հանգիստ, նորմալ է: Ուղղորդումներ, կուտակումներ չկան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG