Մատչելիության հղումներ

Գյումրեցի «Չոռնի Անո»․ «Լավ եմ անում, մարդկանց բերել եմ ու պտի բերեմ»


Գյումրեցի «Չոռնի Անոն», Գյումրի, 2-ը ապրիլի, 2017 թ․
Գյումրեցի «Չոռնի Անոն», Գյումրի, 2-ը ապրիլի, 2017 թ․

Գյումրիում այսօր ընտրողների զգալի ակտիվություն է արձանագրվել, տեղամասերի մեծ մասում՝ մարդկային կուտակումներ են եղել, տեղամասերից դուրս՝ մեծ թվով երիտասարդներ, մեքենաներ, ուղղորդողներ են նկատվել:

Տեղամասերից մեկում ՀՀԿ-ական թեկնածու Մարտուն Գրիգորյանի օգտին քվեարկված թերթիկ դուրս բերելու դեպք է արձանագրվել: «Ծառուկյան դաշինքի» պատգամավորության թեկնածու Արուսյակ Հովհաննիսյանը, այսպես կոչված, «կարուսելի» ահազանգ է ստացել ու այցելել տեղամաս, պահանջելով արձանագրել դեպքը:

«Զանգակ» մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասից դուրս հանրապետական թեկնածու Մարտուն Գրիգորյանի և Արուսյակ Հովհաննիսյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ: «Չոռնի Անո» մականունով մի կին էլ չթաքցրեց, որ մարդկանց ուղղորդում է, տներից հավաքում բերում տեղամաս: «Լավ եմ անում, տներից բերել եմ, էլի պտի բերերեմ, խնդիր էլ չեմ տեսնում»,- ասաց «Չոռնի Անոն»: Գյումրիում ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից ահազանգեր են ստացվել ընտրակաշառքներ բաժանելու մասին:

Վանաձորում այսօր ժամը 17:30-ի տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 35 տոկոսը: Շատ ընտրողներ չեն տիրապետում ընտրական կարգին, բազմաթիվ քաղաքացիներ քվեաթերթիկներն իրենց հետ դուրս են բերել ու խնդրել բացատրել, թե ինչպես վարվեն դրանց հետ: Նրանց հետ աշխատանք է տարվել, բացատրվել է ընտրելու կարգը:

«Ելք» դաշինքն ահազանգել է զանգվածաբար գումար բաժանելու մասին: Դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանը, սակայն, լրագրողներին ասաց, որ Վանաձորում փողը «երբեք չի աշխատել», ինչը պարզ կդառնա ընտրություններից հետո: Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն էլ չբացառեց նման դեպքերը, բայց դրանք կոչեց «արջի ծառայոթյուն», որը չի ազդի արդյունքների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG