Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը՝ հայաստանյան ընտրությունների մասին


«Կիրակնօրյա քվեարկությունը Հայաստանում առաջինն է խորհրդարանի և վարչապետի լիազորությունները ընդլայնող սահմանադրական փոփոխություններից հետո», - այսօր գրում է Washington Post-ը

«Կիրակնօրյա քվեարկությունը Հայաստանում առաջինն է խորհրդարանի և վարչապետի լիազորությունները ընդլայնող սահմանադրական փոփոխություններից հետո», - այսօր գրում է Washington Post-ը` արձանագրելով, որ 2017 թվականի հայաստանյան ընտրարշավի առաջատարներն են Հանրապետական կուսակցությունն ու «Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը»:

«Քննադատները պնդում են, որ սահմանադրական փոփոխությունները նախագահ Սարգսյանի կողմից գործադրող այն ջանքերի մի մասն են, որոնց նպատակն է պահպանել վերահսկողությունը երկրի հանդեպ նաև 2018 թվականից հետո, երբ ավարտվում են նրա նախագահական լիազորությունները», - գրում է ամերիկյան պարբերականը:

Ամփոփելով հայաստանյան քարոզարշավը` մոսկովյան Коммерсант-ը գրում է․ - «Կհաջողվի՞ արդյոք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մնալ իշխանության ղեկին: Դրանից է կախված նաև Սերժ Սարգսյանի ճակատագիրը: Նրա երկրորդ նախագահական ժամկետն ավարտվում է 2018 թվականի ապրիլի 9-ին, և ևս մեկ անգամ այդ պաշտոնին հավակնել նա չի կարող և չի էլ ձգտում: Նոր խմբագրված սահմանադրության համաձայն նախագահի լիազորությունները կրճատվել են` հասնելով գրեթե արարողակարգայինի: Բացառված չէ, սակայն, որ Սարգսյանին [2018-ից հետո] հետաքրքրի վարչապետի աթոռը կամ էլ խորհրդարանում Հանրապետական խմբակցության ղեկավարի պաշտոնը»:

Ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը, անդրադառնալով այսօրվա քվեարկությանը, նկատում է․ - «Հայաստանի հիմնական տնտեսական ու ռազմական գործընկերոջ` Ռուսաստանի համար, այս ընտրությունները հնարավորություն են ստեղծել սեփական օրակարգն առաջ մղել արդեն ոչ միայն իշխող կուսակցության, այլև ընդդիմության միջոցով»:

«Իրականում էական չէ, թե կուսակցություններից որ մեկն է հաղթելու: Թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը և թե՛ Սեյրան Օհանյանը սերտ հարաբերություններ ունեն Մոսկվայի հետ գործարար կապերի կամ էլ բարձրաստիճան ռուսաստանցի քաղաքական գործիչների հետ անձնական շփումների միջոցով: Վարչապետն, օրինակ, կապեր ունի Մոսկվայի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչների հետ», - գրում է «Ստրատֆորը»` մատնանշելով հատկապես Կարեն Կարապետյանի սերտ հարաբերությունները «Գազպրոմի» հետ:

Խոշորագույն արաբական լրատվամիջոցներից մեկը` Քաթարում գործող «Ալ Ջազիրան», ևս անդրադառնում է այսօրվա քվեարկությանը` նշելով․ - «Այս ընտրությունները ժողովրդավարության կարևորագույն քննությունն են դեպի ծով ելք չունեցող և ընդամենը 2 միլիոն 900 հազար բնակչություն ունեցող այս պետության համար, որի պատմության ընթացքում դեռ երբեք իշխանությունն ընդդիմությանը չի անցել քվեարկության արդյունքում»:

Քարոզարշավի ավարտին և կիրակնօրյա ընտրություններին է անդրադարձել նաև Huffington Post-ը` հրապարակելով երևանցի քաղաքագետ Միքայել Զոլյանի հոդվածը:

«Կկարողանա՞ արդյոք Սերժ Սարգսյանը երկարաձգել իր քաղաքական իշխանությունը․ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը հաղթել է նախորդ երկու խորհրդարանական ընտրություններում` 2007-ին և 2012-ին, և այս տարի էլ հաղթանակի լուրջ շանսեր ունի», -պնդում է վերլուծաբանը: - «Դրա հետ մեկտեղ կուսակցությունը որոշակի խնդիրներ ևս ունի: Տնտեսության վատ վիճակի, կոռուպցիոն մեղադրանքների և անվտանգության ոլորտում վատթարացող կացության պատճառով Հայաստանի բնակիչներից շատերը դժգոհ են Սարգսյանի և հանրապետականների երկարատև իշխանությունից: Այս դժգոհությունը [վերջին տարիներին] տարբեր կերպ էր արտահայտվում` խաղաղ բողոքի գործողություններից մինչև զինված ընդվզում», - կարդում ենք Huffington Post-ում:

Բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունն էլ մեջբերում է երևանցի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքերը: - «Այս ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը հետևյալն է` դժվար է ասել, թե ով է ընդդիմություն: Եթե իշխանությունը ներկայացված է Հանրապետականի և Դաշնակցության տեսքով, ապա ընդգծված ընդդիմությունը գոյություն չունի: Եթե դիտարկենք դաշինքները, ապա այնտեղ տարբեր կերպարներ են ընդգրկված` և՛ ընդդիմադիր, և՛ չեզոք, և՛ մարդիկ, որոնց մենք որպես իշխանամետների գիտենք: Այդ իսկ պատճառով էլ այս ընտրություններում իշխանության և ընդդիմության հստակ տարանջատում չկա», - BBC-ի հետ զրույցում նշում է քաղաքագետը:

«Մեզ նոր կառավարություն է հարկավոր, քանի որ կոռուպցիան և անարդարությունը համատարած են, մարդիկ էլ անպաշտպան», - 41-ամյա երևանցի Սուրենի խոսքերն է մեջբերում հայաստանյան ընտրություններին անդրադարձող ևս մեկ արևմտյան լրատվամիջոց` Reuters գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG