Մատչելիության հղումներ

Աշոտյան․ «Միտում կա որոշ շրջանակների կողմից «ֆեյք» ահազանգեր տարածելու»


Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընտրությունների ընթացքը գնահատում է նորմալ, ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Քաղաքական տեսակետից, այս պահի դրությամբ, կարծում ենք, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքը ամբողջությամբ բավարարում է, որպեսզի մեր քաղաքացիները ազատ կամարտահայտության միջոցով ընտրեն այն քաղաքական ուժին, որի ծրագիրը հավանել են կամ որի թեկնածուներին վստահում են», - հայտարարեց իշխող ուժի ներկայացուցիչը:

Աշոտյանը կարծիք հայտնեց, որ «ակնհայտ միտում կա որոշ շրջանակների կողմից «ֆեյք» (կեղծ) ահազանգեր տարածելու»:

«Կեղծ ահազանգերով լրատվական աղբ է կուտակվում, որին արձագանքելու և պարզաբանումներ տալու համար բավականաչափ ժամանակ է հարկավոր լինում: Ակնհայտ է, որ սա պլանավորված ռազմավարություն է, դեռևս երեկ է սկսվել», - հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:

Աշոտյանն անդրադարձավ նաև ընտրությունների ընթացքում արձանագրված տեխնիկական խնդիրներին, այդ թվում՝ ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակման հետ կապված, նշելով․ - «Ըմբռնումով ենք մոտենում այդ տեխնիկական խնդիրներին նախևառաջ այն պարզ տրամաբանությամբ, որ հսկայական տեխնոլոգիական հեղափոխություն ենք իրականացնում երկրում: Այն բացառիկ երկրներից ենք, որտեղ ներդրվում է գերժամանակակից ընտրական համակարգ, որը ոչ միայն իրավական տեսակետից է լավագույնը, այլ նաև տեխնիկական լուծումներով բավականաչափ բարդ է, և այս մոտեցման պարագայում հասկանալի է, որ հազարավոր տեխնիկական սարքեր, տեսախցիկներ, անձի նույնականացման սարքեր կարող են երբեմն նաև չաշխատել: Հատկապես ուզում եմ շեշտել, որ նման սարքերի թիվը հազարներ է, տասնյակ հազարներ՝ և՛ տեսախցիկներ, և՛ իդենտիֆիկացման սարքեր, և եթե մի քանի սարքը, անգամ մի քանի տասնյակը չի աշխատում, ապա դա մեծ տոկոս չի կազմում և չի կարող ստվերել ընտրությունների նորմալ կազմակերպման ընթացքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG