Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը քվեարկեց «ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար»


Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանն այսօր քվեարկեց «ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար»։

«Ես քվեարկել եմ ժառանգությամբ մեզ փոխանցված բոլոր լավագույն ավանդույթների հենքի վրա համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Քվեարկել եմ հանուն մեր արդար, ազնիվ Հայաստանի, մեր ժողովրդի համար ավելի զարգացող տնտեսություն ձևավորելու, ավելի բարեկեցիկ կյանք ձևավորելու և մեր Հայաստանի համար ավելի հարատևող և միջազգային վարկը օրըստօրե բարձրացնող ապագա կերտելու համար», - քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը։

Չնայած իր գլխավորած դաշինքը դեռ երեկվանից ահազանգում է կեղծիքների մասին, Սեյրան Օհանյանը տեղամաս էր եկել բարձր տրամադրությամբ՝ հույս հայտնելով, որ «իրավիճակը չի բարդանա․ - «Այդ տեղեկությունների հիմա վրա հիմա իրադրությունը մեր շտաբը գնահատում է և վերահսկողության տակ է։ «Եկեք այսօր օրն անցկացնենք հանդարտ ոգով և անսասան հավատքով, որ ամեն ինչ լավ կլինի մեր երկրի համար, բոլորի համար նաև մեր մարտական ընկերոջ՝ Սամվել Բաբայանի համար»։

«Ազատության» հարցին, թե ինչ են անելու, եթե մեծածավալ կեղծիքներ լինեն, Օհանյանը պատասխանեց․ - «Չէի ցանկանա, որ լինեին մեծ ծավալի կեղծիքներ․․․ Կան մտահոգիչ ահազանգեր, բայց մեն կզբաղվենք»:

Նույն հարցին դաշինքի մեկ այլ քաղաքական ուժի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանցեց․ - «Քննարկման ընթացքի մեջ այդ ամեն ինչը, կսպասենք, որ փակվեն տեղամասերը և հետո կորոշենք: Հիմնականը ժողովուրդն է, որ ինքը պիտի որոշի՝ գո՞հ է արդյունքներից, թե՞ զգում է, որ հերթական անգամ իր սահմանադրական իրավունքը իրենից գողացվեց»:

Սեյրան Օհանյանի կինը՝ վերջին ժամանակներս պարբերաբար զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվող Ռուզաննա Խաչատրյանը, ով ամուսնու հետ եկել էր քվեարկելու, լրագրողների հետ զրույցում ասաց․ - «Ես վստահում եմ իրեն, հավատում եմ իր պայքարին: Իր դուրս գալը և քաղաքական պայքարի մեջ մտնելը ես ողջունել եմ: Ես կլինեմ իր կողքին բոլոր հանգամանքներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG