Մատչելիության հղումներ

Ամեն ինչ կախված է ժողովրդից՝ ում կընտրեն, թող նրանք էլ պատասխան տան, այսօր հայրենի Առինջ գյուղում, կնոջ և երեխաների հետ քվեարկելուց հետո, հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ասել ենք, բազմիցս տեղեկացրել ենք հանրությանը, ժողովրդին, խնդիրը, պրոբլեմը, լուծումը, այսօր հիմնականում կախված է մեր ժողովրդից, թե մեր ժողովուրդն ապրիլի 3-ին ինչ Հայաստան է ուզում։ Ում կվստահեն, կհավատան, նրանք էլ թող պատասխանեն»։

Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ իր առաջնորդած դաշինքի հաղթանակի դեպքում իր ընկերներն արաբական և եվրոպական երկրներից պատրաստ են Հայաստանում 15 միլիարդ դոլարի ներդրում անել:

Լրագրողները հետաքրքրվեցին, եթե «Ծառուկյան» դաշինքը մեծամասնություն չստանա արդյո՞ք այդ ներդրումները Հայաստան կգան: «Եթե իրավունքներն իմ ձեռքը չլինի, երաշխավոր չլինի, ո՞նց եք Դուք մտածում, չեն դնի, իհարկե։ Եղեք Ծառուկյանի տեղը, մարդը պատասխանատվություն վերցնում է այն ժամանակ, որ ինքը կարող է դրա պատասխանը տալ, ինձ ճիշտ հասկացեք, ես ոչ մեկին չեմ ուզում փնովել՝ ո՛չ կառավարությանը, ո՛չ իշխանությանը, ո՛չ որևիցե մեկ այլ կուսակցությունից, ամենակարևորը որ կուսակցությունը, որ ժողովրդին խոսք է տվել, որ կարող է այս վիճակից հանել, իրեն էլ թող գնան այս հարցերը կարգավորեն։ Ես ասել եմ, այն, ինչ-որ կարող եմ անել, մի բան էլ քիչ եմ արել», - ասաց Ծառուկյանը։

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը քարոզարշավի ընթացքում, անդրադառնալով ընտրություններից հետո հնարավոր կոալիցիոն համագործակցությանը, հայտարարել էր, որ եթե մեծամասնություն չունենա, ինքը կորոշի, թե որ ուժերի հետ գնա համագործակցության: Այսօր Ծառուկյանը կոալիցիայի մասին հարցերից հետո որոշեց հեռանալ:

«Ես այսօր ո՛չ պաշտոնի խնդիր ունեմ, ո՛չ գումարի խնդիր ունեմ, ո՛չ հարգանքի, և, տեսնելով իմ ժողովրդի անվերապահ վստահությունը, հավատքը, ասում եմ՝ մարդը, որ քարից էլ լինի, տեսնելով ժողովրդի սպասելիքը, ծանր վիճակը, միայն ու միայն պետք է մտածես քո ժողովրդի համար, քո պատվի, քո անունի համար», - ասաց Ծառուկյանը։

Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը ընտրակաշառք չի բաժանում, Ծառուկյանը դիմեց իր հայրենի գյուղի բնակիչներին: «Ժողովուրդ որևիցե մեկդ ընտրակաշառք ստացած կա՞ք, մենակ ազնվությամբ ասեք։ Գնացեք ցանկացած տեղ հարցրեք, եթ եմեկը կասի, որ բաժանել են, ուրեմն բաժանել ենք։ Պարզ է, որ կառույցներին, քարոզիչներին աշխատողներին աշխատավարձ տվել ենք, դա խնդիր չէ, հիմա մեզ արգելել են, որ ես բարեգործություն անեմ. մարդը հիվանդ գալիս է, հիմա փորձեմ օգնեմ, կասեն՝ «Ծառուկյանին դատի ենք տալու», բայց Ծառուկյանը բարեգործ մարդ է»։

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրերին մամուլում հրապարակումներ եղան, որ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին և պայմանավորվել ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

«Ազատության» հարցին ի պատասխան, հայտնի գործարարը հերքեց նախագահին հանդիպելու մասին տեղեկությունը. - «Մենք չենք հանդիպել, ոչ մեկի հետ»։

Կոտայքի մարզի Առինջ գյուղի 29/29 տեղամասում այսօր իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին նաև «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի ծնողները: Հայտնի գործարարի մայրը՝ Ռոզա Ծառուկյանն իր որդու հնարավոր հաջողության մասին խոսել չցանկացավ: «Ես շատ մեծ ակնկալիք ունեմ այս ընտրություններից, որովհետև սա տարբերվում է բոլոր ընտրություններից։ Խնդրում եմ ոչ մի բառ իմ որդու մասին ինձ մի հարց տվեք, հարցրեք հանրությանը, ես իմ որդու մասին ոչինչ չեմ ասելու», - ասաց Ռոզա Ծառուկյանը։

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդի մայրը վստահեցրեց, որ նույնիսկ իրենց հայրենի Առինջում քվեի համար որևէ ճնշում քաղաքացիների վրա չի գործադրվել: «Բացարձակ սխալ է, սուտ է, հերյուրանք է», - ասաց Ռոզա Ծառուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG