Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյան․ «Ուզում եմ, որ ամեն ինչ խաղաղ լինի և համերաշխ և հանդուժող»


Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկում է խորհրդարանական ընտրություններում, Երևան, 2-ը ապրիլի, 2017թ․
Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկում է խորհրդարանական ընտրություններում, Երևան, 2-ը ապրիլի, 2017թ․

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր առավոտյան Երևանի թիվ 4/53 ընտրատեղամասում քվեարկեց Ազգային ժողովի ընտրություններում:

Լրագրողների հարցին՝ հանուն ինչի՞ է քվեարկել, վարչապետը արձագանքեց․ - «Դուք չգիտե՞ք մեր կարգախոսը՝ հենց հանուն դրա»:

Կարապետյանը ասաց, որ շատ լավ տրամադրությամբ է եկել քվեարկելու:

Հարցին՝ ինչպե՞ս են բացառելու ընտրախախտումները, քանի որ առավոտից արդեն իսկ դրանց մասին ահազանգեր կան, վարչապետը հակադարձեց․ - «Ձեր հարցին պատասխանելը կտևի մի ժամ: Այն բոլոր մեխանիզմներով, որը որ ներկայացվել է հանրությանը»: Նրա կարծիքով՝ այդ մեխանիզմները «բավարար կլինեն»:

«Շատ մեծ աղմուկ հանեց Ազգային ժողովում Ձեր հայտարարությունը, որ անորակ վառելիքի պատճառով զինտեխնիկան չի աշխատել, հետո հերքեցին՝ և՛ պաշտպանության նախարարությունը, և՛ դատախազությունը: Ձեզ այդ տեղեկությունը որտեղի՞ց էր, և ի՞նչ կարող եք ասել հերքումների հետ կապված», - «Ազատության» այս հարցին Կարապետյանը պատասխանեց․ - «Այս պահին ամենակարևոր հարցը դա՞ է: Քրեական գործ է հարուցված, տեղափոխված է դատախազություն: Դուք գիտեք, որ հարկայինը քրեական գործ է հարուցել, և տեղափոխված է այս պահին դատախազություն»:

Հարցին էլ՝ իշխող Հանրապետականի շանսերը ինչպե՞ս է գնահատում, նա արձագանքեց․ - «Ժամանակը ցույց կտա»:

Կարապետյանի խոսքով, ՀՀԿ-ում որոշել էին, որ կուսակացության նախընտրական քարոզարշավը ինքը պետք է տանի: Հարցին, թե արդյոք նման որոշման պատճառը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ցածր վարկանիշն է՝ վարչապետն արձագանքոց արձագանքեց․ - «Թե ինչ դրդապատճառով ենք որոշել, այդպես որոշել ենք»:

Հարցը՝ ինչո՞վ է պայմանավորում այն հանգամանքը, որ ոչ մի քաղաքական ուժ չի ցանկանում կոալիցիա կազմել Հանրապետականի հետ, նա խորհուրդ տվեց ուղղել այդ քաղաքական ուժերին․ - «Իրենցից հարցրեք»:

Ընտրարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ նա ասաց․ - «Բոլոր այդ դեպքերը, իհարկե, լավ չեն, ակնհայտ է, որ լավ չեն: Բայց, կարծում եմ, առաջընթաց կա»:

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ քարոզարշավին չմասնակցելու և Հանրապետականի ընտրարշավում իր՝ հիմնական դերակատարությունը ստանձնելու պատճառների առնչությամբ էլ Կարապետյանը ասաց․ - «Կուսակցությունում այդպես էինք որոշել: Թե ինչ դրդապատճառով ենք որոշել, այդպես որոշել ենք»:

Դպրոցների, մանկապարտեզների տնօրենների սկանդալային ձայնագրությունների կապակցությամբ վարչապետը նշեց․ - «Ի՞նչ պետք է ասեմ: Ախր այս պահին ձեր հարցադրումների մեջ ․․․ Եթե խախտում են արել, պետք է պատժվեն, եթե խախտում չեն արել, պետք է չպատժվեն: Յուրաքանչյուր մանրուք ընտրության օրը սարքում եք քննարկման առարկա»: «Ազատության» հարցին ի պատասխան՝ նա կարծիք հայտնեց, թե տնօրենների՝ Հանրապետականի օգտին աշխատելը համակարգված չէր:

«Կոալիցիաների հետ կապված ի՞նչ հնարավոր տարբերակներ են քննարկվում, օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքի հետ», - «Ազատության» այս հարցին նա պատասխանեց․ - «Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել: Ընտրությունները կկատարվեն՝ ըստ դրա կորոշենք»:

Իշխող ուժի ընտրական ցուցակը գլխավորող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հավաստիացրեց, թե վերահսկողական մեխանիզմները թույլ են տալիս ասել, որ ընտրողների ձայներն են որոշելու առաջիկա հինգ տարիների քաղաքական դասավորվածությունը․ - «Սա առաջին անգամ է, կարծում եմ, հետխորհրդային տարածքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը համատեղ ջանքով կարողացել են այնպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, այնպիսի վերահսկման մեխանիզմներ ձևավորել, որոնք պետք է վստահեցնել մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու և իր ձայնը որոշելու է մեր առաջիկա հինգ տարիների քաղաքական դասավորվածությունը»:

Հանրապետականի ընտրական ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արդարադատության նախարար Արփինե Հովոհաննիսյանը այսօր վստահեցրեց՝ իշխանությունները կարձագանքեն ցանկացած ընտրախախտման․ - «Ամենակարևորը, ինչ վստահեցնում եմ և վստահեցրել եմ այս ժամանակահատվածի ընթացքում, դա այն է, որ ներդրված են բոլոր մեխանիզմները, որպեսզի ընտրակաշառքը ունենա զրո ազդեցություն: Այ դրանում վստահեցնում եմ: Թե ինչպիսի առանձին դեպքեր կարող են լինել, ես չեմ կարող որևէ մեկի փոխարեն, հազարավոր մարդկանց փոխարեն երաշխավորություն տալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG