Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյան. «Մեր ռազմավարական զենքն ի վիճակի է ոչնչացնել Ադրբեջանի ողջ ներուժը»


Վաղարշակ Հարությունյանը «Ազատության» տաղավարում, 1-ը ապրիլի, 2017 թ․
Վաղարշակ Հարությունյանը «Ազատության» տաղավարում, 1-ը ապրիլի, 2017 թ․

«Ազատության» հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պնդում է՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի նախորդ տարիների ռազմավարությունը չաշխատեց, «Բաքուն չկարողացավ անգամ մարտավարական առավելություն ստանալ սահմանին, չկարողացավ հաջողության հասնել նաև բանակցություններում»:

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց պաշտոնական Երևանը հայտարարում է՝ «Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն անշրջելի է»:

Հայաստանի արտգործախարարության այսօր տարածած հայտարարությունում նաև նշված է ․«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է իրականացնի ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով։ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի կողմից»:

Պաշտոնական Երևանը հիշեցնում է չճանաչված հանրապետության նկատմամբ իր պարտավորությունների մասին․ «Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ապահովելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մենք շարունակելու ենք ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը»:

Ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ՝ այսօր ուղերձով է հանդես եկել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ հայտարարելով․ «Պաշտոնական Բաքուն կրկին փորձեց ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կործանել Արցախի անկախ պետականությունը, նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ: Թշնամու ագրեսիան լիակատար ձեւով ձախողվեց, և նա կրեց մեծ մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ՝ չկարողանալով կյանքի կոչել իր նենգ ծրագրերից և ոչ մեկը»:

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը, մասնավորապես նշելով՝ «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքի բռնազավթման հետ»:

Անցած տարվա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը բռնկված քառօրյա պատերազմը 1994 թ․ մայիսից ի վեր գործող զինդադարի լրջագույն խախտումն էր: Կողմերն ունեցան մեծաթիվ կորուստներ: Ըստ պաշտոկան տվյալների, հայկական կողմն ունեցավ ավելի քան հարյուր զոհ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց տարածքային կորուստների մասին՝ ութ հարյուր հեկտար:

Պատերազմին հաջորդած ինտենսիվ բանակցային գործընթացի ժամանակ երկու անգամ՝ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Հայկական կողմը պնդում է, որ այսօր բանակցություններ չկան: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն օրերս Երևանում հայտարարեց՝ առաջիկայում հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները՝ նախապատրաստելու երկու երկրների նախագահների հանդիպումը:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG