Մատչելիության հղումներ

Տուժողն իմ պաշտպանյալն է, ոչ թե «Ելք»-ի ակտիվիստները․ Փաստաբան


Փաստաբան Հայկ Ալումյան արխիվ
Փաստաբան Հայկ Ալումյան արխիվ

«Ելք»-ի ներկայացուցիչները կարծում են, որ երեկվա միջադեպը «դաշինքի աջակիցներին ահաբեկելու ծրագրավորված գործողություն էր»։

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի ներկայացուցիչների հետ երեկ կեսգիշերին մոտ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է մեկ անձ։ Հարուցվել է քրեական գործ խուլիգանության (որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելու) հատկանիշներով։

40-ամյա ձերբակալված Արթուր Այվազյանն, ըստ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, երեկ կեսգիշերին մոտ մի քանի այլ անձանց հետ ՀԱԹ թաղմասում զինված հարձակում է գործել դաշինքի աջակիցների վրա: Փաշինյանի խոսքով, ծեծկռտուքի ընթացքում ընդդիմադիր ակտիվիստներին հաջողվել է առգրավել 7 մարտական փամփուշտով լիցքավորված զենք։ Պատգամավորը երեկ այն անձամբ ներկայացրել է Մալաթիայի ոստիկանություն։

«Ես դժվարանում եմ ասել՝ սա ինքնաշեն է, թե ոչ, բայց մարտական զենք է՝ լիցքավորված փամփուշտներով։ Մեր տղաները կարողացել են խլել զենքը։ Ուղղակի այդ հարձակվողները գերագնահատել են իրենց կարողությունները և մտածել են, թե գործ ունեն ինտելիգենտ մարդկանց հետ, որոնք չեն կարող պաշտպանել իրենց: Բայց սխալվել են, որովհետև մեր տղաներն, ըստ էության, վնասազերծել են այդ թափթփուկներին։ Ափսոս ես եթերում եմ, թե չէ կասեի, թե ինչ ենք անելու էս զենքը, ոնց ենք կիրառելու, իհարկե՝ ոչ մարտական եղանակով, կարծում եմ հասկացաք իմ ակնարկը»,- «Ազատությանն» ասաց Նիկոլ Փաշինյանը:

Երեկվա միջադեպից առաջ Այվազյանն ու քննությանը դեռևս անհայտ նրա ընկերները, ըստ Փաշինյանի, դաշինքի շրջիկ մեքենաների վրայից հափշտակել են եռագույնն ու յուղաներկի օգտագործմամբ, ծածկել մեքենայի վրա փակցված քարոզչական պաստառները։ Այս հանգամանքը ընդդիմադիրներին հիմք է տալիս մտածելու, որ երեկվա միջադեպը դաշինքի աջակիցներին ահաբեկելու ծրագրավորված գործողություն էր։

«Մեր թիմի անդամների հետ ամեն ինչ կարգին է։ Մեր տղաներն էս իրավիճակում շատ պինդ են պահել իրենց և վնասազերծել այդ անձին, որը քրեական հանցագործություն է կատարել: Որևէ կասկած չունեմ, որ նա կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ, համենայն դեպս՝ մենք այլ բան թույլ չենք տա»,- ասաց Փաշինյանը:

Արթուր Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը, մինչդեռ, պնդում է, որ երեկ ՀԱԹ թաղամասում միջադեպն այլ կերպ է տեղի ունեցել։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ առգրավված զենքն Այվազյանին չի պատկանում։ Նրա պնդմամբ, այդ զենքը Այվազյանի հետ ընդհանրապես կապ չունի, և «այն ինչ ներկայացվում է այսօր, իրականությունն այդպիսին չէ»:

Երեկվա միջադեպի հետևանքով, «Ելք» դաշինքի ներկայացուցիչներից բացի մարմնական վնասվածք է ստացել նաև ձերբակալված Արթուր Այվազյանը։ Ոստիկանության հրապարակած լուսանկարներում նա արյունոտված դեմքով ու հագուստով է։ Փաստաբան Ալումյանի համոզմամբ, Մալաթիա վարչական շրջանում տեղի ունեցածի արդյունքում տուժող պետք է ճանաչվեն ոչ թե «Ելք» դաշինքի ներկայացուցիչները, այլ իր պաշտպանյալը։ «Ինպես տեսնում եք՝ ինքն է ամբողջությամբ տուժած, այդ միջադեպի տուժողն ինքն է իրականում»,- ասաց Ալումյանը:

Ձերբակալված՝ «Մանախ» մականունով Արթուր Այվազյանն, ի դեպ, նախկինում դատապարտված է եղել 14 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG